Օլիմպիական մարաթոնից դեռ ամիսներ առաջ հայ ուսուցիչները լավագույն արդյունքներ են գրանցում բլոգաթոնի մրցույթում: Առաջին անգամ անգլերեն լեզվի հայ ուսուցիչները, միանալով Բրիտանական խորհրդի ամենամյա բլոգաթոնին, միանգամից արժանացել են գլխավոր մրցանակներին:

Վեց երկրի անգլերենի ուսուցիչներ շուրջ մեկ ամիս (հունվար-փետրվար) գրառումներ են կատարել Բրիտանական խորհրդի Teaching English (http://www.teachingenglish.org.uk/) կայքի բլոգում` իրենց փորձն ու մտքերը կիսելով գործընկերների հետ: Աննա Պետրոսյան-Կոնուեյն իր կատարած գրառումների, առաջարկած գաղափարների ու մեկնաբանությունների համար արժանացել է գլխավոր մրցանակին` Թուրքիայի եւ Խորվաթիայի ներկայացուցիչների հետ միասին հնարավորություն ստանալով մարտին մասնակցել Գլասգոույում անցկացվող անգլերեն դասավանդողների միջազգային ասոցիացիայի ամենամյա գիտաժողովին:

Աննա Պետրոսյան-Կոնուեյն անգլերեն է դասավանդում արդեն 13 տարի: Ասում է, որ բլոգաթոնին մասնակցությունը հնարավորություն տվեց ձեւավորել տարբեր երկրներում գործող ուսուցիչների խումբ, որոնց հետ շարունակում են մասնագիտական նորություններ կիսել նաեւ բլոգաթոնի ավարտից հետո:

Լիլիթ Մարտիրոսյանը, ով անգլերեն է դասավանդում Դանիել Վարուժանի անվան դպրոցում, բլոգաթոնի ընթացքում արժանացել է երկրորդ մրցանակի: «Բլոգաթոնի ընթացքում իմ գործընկերների առաջարկած մեթոդներն օգտագործել եմ դասարանում: Նաեւ շատ հաճախ օգտվում եմ Բրիտանական խորհրդի նյութերից եւ աշակերտներս միշտ պատրաստակամ են սովորել այդ նյութերը»,- ասել է Լիլիթ Մարտիրոսյանը: Երկորդ մրցանակի են արժանացել նաեւ Թուրքիայի, Խորվաթիայի եւ Իսրայելի ներկայացուցիչները:

Կարինե Վարդազարյանը, IAB կենտրոնի ուսուցչուհին եւ Ֆրանսիական համալսարանի դասախոս Մարինե Առաքելյանն էլ արժանացել են երրորդ մրցանակներին: Հայաստանից բլոգաթոնին մասնակցում էին 20 ուսուցիչ: