Մաշտոցի պուրակում մարտի 3-ին կայացած ֆորումի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում են անհապաղ ապամոնտաժել հանրային պուրակում կառուցվող բոլոր շինությունները:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Երեւանի կանաչ գոտիների ոչնչացումը հասել է իր գագաթնակետին: Այդ մասին է վկայում հանրային մեծ բողոքը Մաշտոցի պուրակի շինարարության դեմ:

Մենք՝ արդեն 22 օր շարունակ Երեւանի Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիներս եւ բնակիչներս, քաղաքային իշխանությունից դեռ չենք ստացել հանրության բողոքին համարժեք լուծում:

Մենք դատապարտում ենք հանրային սեփականություն համարվող տարածքների յուրացումը եւ հանրային շահը մասնավորին ստորադասելը:

Մաշտոցի պուրակի ճակատագրով մտահոգ Երեւանի լայն հանրության եւ ստորագրահավաքի շուրջ 5000 մասնակիցների անունից պահանջում ենք. ԱՆՀԱՊԱՂ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՈԼՈՐ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Եթե քաղաքային իշխանությունը եւ այլ պատկան մարմինները չեն կարող համարժեք արձագանքել հանրության արդարացի պահանջին, ապա հանրությունը ինքն է ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՏԵՐ ԿԱՆԳՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ եւ թույլ չի տալիս այդ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ գոյությունն ու շահագործումը:

ՀԱՆՐԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ պայքարողների հետ միասին բոլորս պատրաստ ենք կանխել ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՐՁ եւ ՀԱՍՆԵԼ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԲՈԼՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒ ԼԻԱՐԺԵՔ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ»:

Հայտարարությունը ստորագրել են «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունն ու «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը: