Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը նամակ է գրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` գյուղացիների անունից խնդրելով չեղյալ հայտարարել Հայաստանի կառավարության ընդունած «հակասահմանադրական եւ հակազգային որոշումը»:

«Քաջարան գյուղական համայնքի բնակիչների հանձնարարությամբ կրկին դիմում եմ Ձեզ: Խոսքը ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N627-Ն որոշման մասին է, ըստ որի Սյունիքի մարզի մի քանի գյուղի, այդ թվում` Քաջարանի գյուղատնտեսական նշանակության հողերը պետք է տրվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` բաց հանքի շահագործման եւ թունավոր թափոնների գործող գերեզմանոցների ընդլայնման համար:

Վերստին տեղյակ եմ պահում Ձեզ, որ կառավարությունը նշված որոշումն ընդունելուց առաջ չի խորհրդակցել համայնքի բնակիչների հետ, համայնքի բնակչությանը մասնակից չի դարձրել այդ որոշման պատրաստմանը: Որոշման մասին իմացել ենք այն ընդունելուց հետո` պատահաբար: Տեղյակ չենք նույնիսկ, թե որոշումը նախապատրաստելիս ինչ փորձաքննություններ են իրականացվել (եթե, իհարկե, իրականացվել են) գյուղի տարածքում` համայնքի բնակչության առողջության, շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասակար ազդեցությունը ճշտելու վերաբերյալ:

Կառավարության որոշման մեջ եւ որոշման շուրջ կառավարության պատասխանատուների մեկնաբանություններում հետեւողականորեն աղավաղվել ու կեղծվել է հանրային գերակա շահ ասվածը: Ավելի ճիշտ` կառավարության որոշման հիմնավորումներն ակնհայտորեն չեն համապատասխանում ՀՀ սահմանադրության պահանջներին, ինչպես եւ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին, ինչը, կարծում եմ, Ձեզ պետք է լրջորեն մտահոգի: ՀՀ սահմանադրությունը եւ նշված օրենքը թույլ են տալիս հայտարարել երիցս` Քաջարան գյուղում գերակա հանրային, ազգային, պետական մեկ շահ կարող է լինել ու կա: Դա սահմանային Քաջարան գյուղի լինելության ապահովումն է:

Գյուղացիներիս շատ զարմացնում է մեկ հանգամանք եւս: Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրենը լրատվամիջոցների ու մարդկանց հետ շփումներում պարտադիր վկայակոչում է Ձեր անունը: Օրինակը` տարեսկզբին «Առավոտին» տված հարցազրույցների շարքը: Մի՞թե որեւէ ձեռնարկության տնօրեն իրավունք ունի սեփական մտածումներին ու ամբիցիաներին շունչ տալու համար  անընդհատ վկայակոչել երկրի նախագահի անունը:

Մաքսիմ Հակոբյանը, խոսելով մեր գյուղի տարածքների մասին, հայտարարում է` «… Հանրապետության նախագահին ասեցի, խնդրեցի, որ գերակա շահ ճանաչեն»: Իսկ մի քանի օր հետո էլ (11 հունվարի 2012թ, «Առավոտի» կայք) հայտարարում է` «էդ հողերը մեզ հիմա պետք չեն»: Դրանից օրեր առաջ էլ ասել էր` «Ոչ ոք չի կարող խափանել այդ հողերի` ընդերքօգտագործման նպատակով շահագործումը»: Տնօրենի խոսքերը կրկին հաստատում են, որ գերակա հանրային շահը` մատուցված կառավարության որոշման մեջ, գոյություն չունի ընդհանրապես: Դա բացառապես մեկ մարդու եւ նրա հովանավորների անձնական շահն է:

Ըստ էության Ձեզ ապակողմնորոշել են նաեւ գյուղում առկա անշարժ գույքի մասին տեղեկություններ հաղորդելիս: Իրականում, մինչդեռ, սեփականության իրավունքով գյուղում գրանցված է 123 միավոր անշարժ գույք, վարձակալական իրավունքով` 5 միավոր անշարժ գույք:

Վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ կառավարությունը, այնուամենայնիվ, չի պատրաստվում վերջնականապես լուծել հարցը, թեեւ երբեմն հուսադրող քայլերի պատրանք է ստեղծում: Գյուղի բնակիչները տպավորություն ունեն, որ կառավարությունը նման կիսաքայլերով ու երեւութականություն ստեղծելով խուսափում է բուն խնդրից եւ  մեր գլխի տակ փափուկ բարձ  դնում, քանի դեռ նախընտրական շրջան ենք ապրում: Իսկ այդպես մտածելու համար հիմքեր ունենք:

Ահավասիկ` 2011թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետի ստեղծած աշխատանքային խումբն այցելեց գյուղ, ուսումնասիրեց խնդիրը եւ առաջարկեց ԶՊՄԿ-ին` ներկայացնել արդյունահանման այլընտրանքային ուղիներ: Փոխվարչապետի հանձնաժողովի այդ առաջարկությունն առ այսօր թղթի վրա է մնացել:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մի քանի օր առաջ առաջարկություն ներկայացրեց ՀՀ վարչապետին` «Օրենքի ուժով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N627-Ն որոշումը», բայց կառավարությունը նորից քայլ չի ձեռնարկում:

Մի խումբ պատգամավորներ  հունվարի 24-ին դիմեցին ՀՀ վարչապետին` կառավարության խնդրահարույց որոշումը չեղյալ հայտարարելու առաջարկությամբ: Վարչապետն էլ հունվարի 26-ին կառավարության նիստում հանձնարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին` քննարկել պատգամավորական խմբակցության առաջարկը, բայց… փետրվարի 2-ին նախարարը հանդիպեց խմբակցության անդամների հետ, եւ կրկին ոչ մի կոնկրետ քայլ…

Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների` ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Քաջարան  գյուղի իրավիճակն իրեն ճիշտ չեն ներկայացրել… Եվ դարձյալ` ոչ մի քայլ:

Քաջարան գյուղի վերաբերյալ կառավարության հայտնի որոշումը դատապարտող դիրքորոշում են հայտնել բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական եւ բնապահպանական կազմակերպություններ: Կրկին ` ձայն բարբառո հանապատի:

Մարտի 3-ին Քաջարան քաղաք այցելած ՀՀ վարչապետից փորձեցինք ճշտել, թե այս ամենից հետո ինչ ճակատագիր է սպասվում մեր գյուղին: Տիգրան Սարգսյանը, սակայն, ոչ մի հուսադրող խոսք չասաց կառավարության որոշումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Նա ավելի շատ խոսեց այն մասին, թե ինչ պայմաններով պետք է գյուղը վերացվի ու ծառայեցվի հանքարդյունաբերությանը: Ի դեպ, 2011թ. սեպտեմբերից մինչեւ այժմ երկու անգամ Քաջարան քաղաք այցելած վարչապետը չբարեհաճեց գոնե մի քանի րոպեով մտնել Քաջարան գյուղ` Քաջարան քաղաքից 3 կմ հեռավորության վրա գտնվող, եւ դեմ առ դեմ զրուցել ամիսներ շարունակ անորոշության մեջ հայտնված գյուղացիների հետ: 

Բոլոր այս փաստերը վկայում են, որ կառավարությունը չի պատրաստվում անվավեր ճանաչել հակասահմանադրական ու հակազգային այդ որոշումը:

Հարգարժան պարոն Սարգսյան

Մենք հավատում ենք Ձեզ, ինչի համար եւ հերթական անգամ ենք դիմում Ձեզ: Քաջարան գյուղական համայնքի անունից խնդրում եմ` վերացնել կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N627-Ն որոշումը եւ գործնական քայլերով նպաստել սահմանային Քաջարան գյուղի ամրապնդմանը: 

Եթե Դուք կրկին կոնկրետ քայլ չձեռնարկեք ու լռեք, ինչպես վարվեցիք մոտ 600 քաջարանցու` 2011թ. մայիսին հղած դիմումի պարագայում, ապա վերջնականապես կնշանակի, որ Դուք կողմնակից եք Քաջարանի կոմբինատի ծպտված սեփականատերերի` սահմանային մեր գյուղը վերացնելու հրեշավոր ծրագրին, ինչի համար մեծագույն ափսոսանք կապրի գյուղի բնակչությունը, իսկ գյուղում կշարունակվի խորանալ անորոշությունը` սկիզբ առած 2011թ. ապրիլի 28-ից հետո»,- ասված է նամակում: