Մարտի 1-ից վերսկսվել է Երեւանի կանաչ գոտիների գույքագրման եւ ծառերի համարակալման գործընթացը: Հունվարից մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն համարակալվել է 4200 ծառ: Այս մասին նշվել է այսօր` մարտի 5-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշ տեղերում բնակիչները ցանկություն են հայտնել անձամբ մասնակցել համարակալման գործընթացին:

«Մենք ողջունում ենք բնակիչների նախաձեռնությունը եւ պատրաստ ենք գործընթացին ներգրավել նաեւ բոլոր այն հասարակական կազմակերպություններին, բնապահպաններին, երիտասարդներին եւ այլ անհատներին, որոնք եւս ցանկություն կունենան մասնակցել այս աշխատանքներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխման ուղղությամբ քաղաքապետի հանձնարարականին` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 2 դեպք, որից մեկով էլ հարուցվել է քրեական գործ:

Մայրաքաղաքի շուկաների եւ ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման հետ կապված առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ ստուգումների արդյունքում ընդհանոր առմամբ վիճակը գնահատվել է բավարար: Կենտրոն վարչական շրջանի 8 գետնանցումներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում 2-ի սանիտարական վիճակը գնահատվել է անբավարար:  Քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանի ղեկավարին հսկողություն իրականացնել նշված տարածքում եւ անհրաժեշտության դեպքում վերանայել վարձակալների հետ կնքված պայմանագրերը: