«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի հանրապետականացումը պայմանավորում եմ ներիշխանական պայքարով, որի հիմնական խնդիրը վարչապետի պաշտոնն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Նշելով, որ իշխանությունը մոնոլիտ համակարգ չէ, նա նկատեց, որ այս տարվա տնտեսական անկման եւ կառավարության տնտեսական ծրագրի ոչ միանշանակ ընկալման պայմաններում, բնական է, որ շատ շրջանակներ պետք է դժգոհություն հայտնեին վարչապետի գործունեությունից։

Քաղաքագետի խոսքով, «Սերժ Սարգսյանը, հաշվի առնելով այդ հանգամանքը, փաստացի գնաց այնպիսի քայլի, որը կթուլացներ իշխանական համակարգում եղած լարվածությունը, եւ կմեղմեր մինչ այդ կոալիցիոն ոչ մի կուսակցության չպատկանող վարչապետի հանդեպ եղած անդրկուլիսյան եւ հասարակական սուր քննադատությունը»: Ե. Բոզոյանն ընդգծեց նաեւ, որ եթե մինչեւ այժմ ՀՀԿ-ն իրավունք չուներ պաշտպանելու Տիգրան Սարգսյանին, ապա այսուհետ «ֆորմալ կերպով կարող է անել դա, քանի որ ՀՀ վարչապետն այլեւս Հանրապետական կուսակցության անդամ է»:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ իշխանամերձ կուսակցությունների «հանրապետականացման» գործընթաց կարող է սկսվել, Ե. Բոզոյանը նշեց, որ նման բան դժվար թե կատարվի։ Նրա համոզմամբ, իշխանական կուսակցությունները, որքան էլ մոտ կանգնած լինեն միմյանց, այնուամենայնիվ, որոշակի տարաձայնություններ ունեն. «Կա իշխանություն եւ կա իշխանությունը բաժանելու խնդիր, իսկ իշխանամետ կուսակցությունները հույս ունեն, որ իշխանության մեջ որոշակի մաս կունենան եւ, ի հաշիվ ՀՀԿ-ի, իշխանության մաս կկազմեն»,- ընդգծեց քաղաքագետը։

Անդրադառնալով շրջանառվող այն տեսակետին, որ ՀՀԿ-ացման գործընթացը կարող է հանգեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կոալիցիոն կառավարման ձեւից հրաժարվելուն, Ե. Բոզոյանը գրեթե բացառեց այդ տարբերակը՝ գտնելով, որ նա այդ քայլին չի գնա մի պարզ պատճառով. «Սերժ Սարգսյանի համար դա այնքան էլ շահեկան չի լինի. ավելի ձեռնտու է, որպեսզի ՀՀԿ-ին աջակցող մեծ ու փոքր կուսակցություններն առանձին գործեն: Այդ պարագայում երկրի նախագահն, անհրաժեշտության դեպքում, կարող է ասել, որ քաղաքական դաշտի մեծամասնությունը սատարում է իրեն՝ այս կերպ փորձելով կոալիցիոն կուսակցությունների շարքում ամրապնդել Հանրապետականի դիրքերը»,- եզրափակեց նա։