Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են Երեւանում տրանսպորտի աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի խումբ գիտնականների կողմից ներկայացված առաջարկություններին վերաբերող հարցերը։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը ներկա են եղել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, նախարարության փոխադրումների բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը, ինչպես նաեւ քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանն ու քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Գիտնականների խմբի կողմից, որպես ներկայացուցիչ, հանդիպմանը մասնակցել է Ալեքսան Սահակյանը։
Ներկայացնելով հանդիպման կազմակերպման նպատակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ նշել է, որ ծանոթ է ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության կողմից բարձրացված տրանսպորտային բարեփոխումների վերաբերյալ գիտնականների առաջարկությանը, հավելելով, որ սույն առաջարկը նախկինում մանրամասն ուսումնասիրվել է ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության համապատասխան մասնագետների ու աշխատանքային խմբերի կողմից։ Քաղաքապետը նաեւ նշել է, որ առաջարկների վերաբերյալ տրվել է մասնագիտական եզրակացություն, որին ծանոթ է նաեւ արված առաջարկությունների հեղինակային խումբը։ Սակայն, հաշվի առնելով հարցի կարեւորությունն ու դրա վերաբերյալ հանրային հետաքրքրությունը, Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել եղած առաջարկությունները մեկ անգամ եւս ներկայացնել մասնագիտական համակողմանի քննարկման.
«Երեւանի քաղաքապետարեւանն ամենաշահագրգիռ կողմն է այս հարցում եւ պատրաստ է քննարկել ու կյանքի կոչել ցանկացած իրատեսական առաջարկություն, որը կնպաստի մայրաքաղաքի տրանսպորտի բեռնաթափմանն ու երթեւեկության բարելավմանը»,– նշել է Տարոն Մարգարյանը։
Մասնագիտական համակողմանի քննարկումն ապահովելու նպատակով քաղաքապետն առաջարկել է կարճ ժամկետում ձեւավորել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ աշխատանքային խումբ: Ըստ այդմ, քաղաքապետարանի եւ ՀՀ ՏԿՆ-ի համապատասխան մասնագետներից ու գիտնականների խմբի ներկայացուցիչներից բացի, աշխատանքային խմբում կներգրավվեն շահագրգիռ պատգամավորներ, ճանապարհային ոստիկանության, ինչպես նաեւ գիտնականների խմբի կողմից առաջարկված համապատասխան գիտական հաստատությունների ներկայացուցիչներ։
Ի պատասխան քաղաքապետի առաջարկի, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը նշելով, որ խմբակցությունն ընդհանուր գծերով է ծանոթ հարցին, համաձայնել եւ միացել է մասնագիտական համակողմանի քննարկում կազմակերպելու վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկին։




























