Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` մարտի 6-ին, շարունակվել է պայմանագրային զինծառայող, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը պատմեց, որ դատարանում այսօր հարցաքննվել է գործով վկա, կրտսեր սերժանտ Արտակ Հովհաննիսյանը: Նա եղել է հենակետի ավագի` Արտակ Նազարյանի տեղակալը:
Արտակ Հովհաննիսյանը կրկնել է նախաքննական ցուցմունքները: Վկան խոստովանել է, որ դեպքից ժամեր անց իրեն եւ այլ զինծառայողների տեղափոխել են ռազմական ոստիկանության մեկուսարան, որտեղ 9 օր է անցկացրել: Ընդ որում, ըստ վկայի, իրեն ամեն օր հարցաքննել են` անգամ չհայտնելով իր իրավական կարգավիճակը: « Չեն ասել, չեմ հարցրել»,- նշել է վկան:
Հովհաննիսյանի պնդմամբ, Արտակ Նազարյանին վերջին անգամ ողջ տեսել է հուլիսի 26-ի երեկոյան, մինչեւ ժամը 21-ը: Հաջորդ օրն առավոտյան կրակոց է լսել խրամատների կողմից, մեկ այլ զինվորի հետ գնացել եւ տեսել է Արտակ Նազարյանին` մահացած վիճակում: Նա նաեւ ոստիկաններին է ուղեկցել հենակետ, սակայն պարկուճ չի տեսել, եւ չի էլ տեսել, որ ոստիկանները առգրավեն պարկուճը:
Վկան պնդել է, թե Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել, իսկ նման եզրակացության հանգել է` Արտակի ձեռքին զենքը տեսնելով: «Բա հո հայը հային չէր խփելու», - հարց է տվել մեղադրող Հարություն Հարությունյանը: Ի պատասխան Ծովինար Նազարյանը հակադարձել է, որ օրերս նույն «Մեհրաբներ» զորամասի հենակետում սպանվել է Ալբերտ Ադիբեկյանը, հայ ծառայակցի գնդակից:
Հարցաքննության վերջում արդեն վկա Արտակ Հովհաննիսյանը հիշողության «կորուստներ» է գրանցել` հարցերին «Չեմ հիշում» պատասխանելով:
Դատավոր Սամվել Մարդանյանը հաջորդ նիստը նշանակել է մարտի 13-ին, ժամը 12-ին:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության պաշտոնական վարկածով նա ինքնասպան է եղել, իսկ գործով մեղադրանք է առաջադրվել Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցների՝ նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Հարութիկ Կիրակոսյանին: Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը:
Արտակ Նազարյանի հարազատները եւ իրավապաշտպանները վստահ են, որ երիտասարդ լեյտենանտին սպանել են, իսկ համապատասխան կառույցները կոծկում են այդ փաստը:




























