Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է «Կանանց առաջխաղացման միջոցով դեպի կայուն զարգացում» խորագրով քննարկում:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի դիվանագիտական առաքելության այս նախաձեռնությունը կոչված էր քննարկելու մասնավորապես գյուղական շրջաններում կանանց առաջխաղացմանն ուղղված միջազգային եւ ազգային մակարդակներում իրականացվելիք ծրագրերը` այս օրերին Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի շրջանակում: Մասնագիտական այդ լսարանում որպես օրվա բանախոսներ հանդես են եկել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, Կանանց համաշխարհային բանկի նախագահ` Մարի Ելեն Իսկենդերյանը, դեսպան Մերիլ Ֆրանկը եւ Հայ օգնության Միության ներկայացուցիչ` Ստեֆանի Կիլյանը:

Իր խոսքում դեսպան Նազարյանը մասնավորապես նշել է, որ վերջին տարիների ընթացքում, երբ մեծագույն ջանքեր են գործադրվում Հազարամյակի զարգացման նպատակներն իրականացնելու ուղղությամբ, գենդերային հավասարությունն եւ կանանց առաջխաղացումը պետք է դիտարկել եւ որպես նպատակ, եւ որպես միջոց` հասնելու համար կայուն զարգացմանը, եւ որ այս ընկալումը կարեւոր է ս.թ. հունիսին Ռիոյում կայանալիք ՄԱԿ-ի Կայուն զարգացման համաժողովի համատեքստում: Դեսպանի կողմից առանձնացվել է,  որ կանանց տնտեսական առաջխաղացումն ենթադրում է լայն իմաստով ֆինանսական միջոցներին տիրապետելու հարցում նրանց հնարավորությունների ավելացում, իսկ համայնքային շրջաններում նաեւ հողի, սեփականաշնորհման, սոցիալական ապահովության տրամադրման հարցում աջակցության ծրագրերի իրականացում: ՀՀ մշտական ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ առկա տնտեսական դժվարություններն անհրաժեշտ է դիտարկել որպես առիթ` ամրապնդելու համար կանանց առաջխաղացմանը միտված համապատասխան ազգային ծրագրերը:

Միջոցառմանը ներկա էին հայկական եւ միջազգային հասարակական կազմակերպությունների, ՄԱԿ-ի կառույցների, հիմնադրամների, մասնագիտական գործակալությունների եւ անդամ երկրների ներկայացուցիչները: