Այսօր ՀՀԿ համագումարում կայացել են կուսակցության նախագահի եւ գործադիր մարմնի ընտրությունները: Ինչպես համագումարից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, գրանցված 1768 պատվիրակներից ընտրություններին մասնակցել է 1738-ը, 69 քվեաթերթիկ համարվել անվավեր: ՀՀԿ նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն Սերժ Սարգսյանը, որի օգտին քվեարկել են պատվիրակներից 1669-ը: Ընտրվել է նաեւ 14 հոգանոց գործադիր մարմին: Բացի Սերժ Սարգսյանից, մյուս թեկնածուներին եղել են մի քանի դեմ քվեարկողներ, սակայն նրանք բոլորն էլ ընտրվել են: Դրանց թվում են եղել Տիգրան Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը:

Գործադիր մարմնի անդամներ են դարձել Տիգրան Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանը, Դերենիկ Դումանյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբեն Թադեւոսյանը, Կարեն Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Մուշեղ Լալայանը, Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Հարութ Փամբուկյանը, Գալուստ Սահակյանը: Ընտրություններից հետո գործադիր մարմնի նորընտիր անդամներ Տիգրան Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը իրենց տեղը զբաղեցրեցին բեմում` գործադիրի մյուս 12 անդամների կողքին: Ի դեպ, այսուհետ ՀՀԿ խորհուրդը ոչ թե պետք է ընտրվի, այլ ավտոմատ կարգով խորհրդի անդամներ են դառնում կառավարության հանրապետական անդամները, պատգամավորները եւ մի շարք այլ պաշտոններ զբաղեցնողները:

Ընտրության արդյունքները ամփոփելուց հետո ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը: Նա նախ շնորհավորել է Գործադիր մարմնին, շնորհակալություն հայտնեց ընտրողներին ու ասել, որ իր համար կա երեք խնդիր, որն ինքը լուծելու է. Հայաստանի զարգացում, հայ-թուրքական խնդրի հանգուցալուծում եւ ԼՂ խնդրի կարգավորում: «Ինչո՞ւ նախագահն անձամբ չի անդրադառնում հերյուրանքներին, քննադատություններին, որոնք մեր իրականության մեջ հայտնվում են հայկական մամուլում եւ ադրբեջանական ու թուրքական մամուլում: Պատճառը շատ պարզ է. Գոնե այստեղ նստած մարդկանց համար ակնհայտ է նպատակը, թե նրանց, թե` սրանց, որ Նախագահին պահեն լարվածության մեջ, ստիպեն որ Նախագահն արդարանա: Ես արդարանալու ոչինչ չունեմ: Թող արդարանան նրանք, ովքեր նպատակ ունեին Ղարաբաղը զիջել եւ չկարողացան ժողովրդի կամքն իրագործել: Մենք ունենք բոլոր հնարավորությունները մեր նավը նավահանգիստ տանելու, եւ մենք մեր ուղուց չենք շեղվելու»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: