Հայաստանի կառավարող կոալիցիայի անդամ-կուսակցությունների միջեւ որեւէ տարաձայնություն չկա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: Պատգամավորը նաեւ չի կիսում այն կարծիքը, թե ՀՀԿ-ի նոյեմբերի 28-ին կայացած համագումարից հետո ներքաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում: «Չեմ կարծում, որ ներքաղաքական փոփոխություններ լինեն: Կոալիցիան այսօր երեք անդամ ունի եւ այդպես էլ շարունակվելու է: Որեւէ տարաձանություն, կամ ակնկալիքներ չկան: Սա մեր հերթական համագումարն է, եւ մենք մեր երկու տարվա հաշվետվությունը տվեցինք: Պարզապես նորը այն է, որ մենք մտել ենք հայ-թուրքական հարաբերությունների հաստատման փուլ եւ գտնվում ենք դրա ճանապարհին»,- նշեց Զոհրաբյանը:
Վերջինս նաեւ տարօրինակ չի համարում, որ կառավարության մի շարք անդամներ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, որոշեցին ցեղակրոն դառնալ: «Այստեղ ցեղակրոնի խնդիրը չէ: Վարչապետի եւ նախարարների պաշտոնները քվոտայով պատկանում էր ՀՀԿ-ին: Ֆորմալ դա չէր հայտարարված, Սրանից հետո ֆորմալ հայտարարեցինք: Կարծում եմ նաեւ, որ ընտրություններից երկու տարի առաջ մենք համախմբում ենք մեր ուժերը»,- նշեց Զոհրաբյանը:
Ըստ Զոհրաբյանի, որեւէ միտում չկա նաեւ, որ ՀՀԿ-ի համագումարին չի մասնակցում հիմնական կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը, քանի որ ԲՀԿ-ից ներկայացուցիչներ կային համագումարում: «Ես չեմ կարող ասել, թե ինչու չի մասնակցում, գուցե Հայաստանում չէ: Ես որեւէ միտում չեմ տեսնում»,- ամփոփեց Ռազմիկ Զոհրաբյանը:




























