Կանանց միջազգային տոնի առթիվ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում ավելին անել զինված հակամարտությունների հետեւանքով անհետացած անձանց մտերիմ կանանց առանձնահատուկ կարիքները հոգալու համար:

Ըստ ԿԽՄԿ-ի, հաշվի առնելով, որ զինված հակամարտությունների հետեւանքով անհետացող անձանց մեծամասնությունը տղամարդիկ են, նրանց մայրերը, կանայք եւ ընտանիքի այլ անդամներն անչափ տառապում են եւ հաճախակի առերեսվում ծայրահեղ կարիքի հետ։ Կանանց միջազգային տոնի առթիվ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում այդ կանանց առանձնահատուկ կարիքները հոգալու համար ավելին անել, օգնել վերականգնել նրանց արժանապատվությունը եւ հույսը` միաժամանակ ընդգծելով հակամարտության կողմերի պատասխանատվությունն անհայտ կորած անձանց որոնելու եւ ընտանիքներին տեղեկություններ տրամադրելու հարցում։

«Կանայք ամբողջ աշխարհում ցույցաբերում են կարիքներ հաղթահարելու եւ սեփական ճակատագիրն իրենց ձեռքը վերցնելու աննախադեպ ունակություն: Անգամ չնչին հնարավորության դեպքում, նրանք նոր եւ արդյունավետ ուղիներ են գտնում՝ ապահովելու իրենց եւ իրենց ընտանիքները»,- ասել է «Կանայք եւ պատերազմ» հարցերի գծով ԿԽՄԿ-ի խորհրդատու Մարիա-Թերեզա Գարիդո Օտոյան:

Ամուսինների, որդիների կամ այլ հարազատների մասին տեղեկությունների բացակայությունից բխող տառապանքներից զատ, այդ կանայք եւ աղջիկները նման  իրավիճակներում սովորաբար ահաբեկված են նաեւ գործնական դժվարություններից։ Կորցնելով իրենց կերակրողին՝ նրանք ստիպված են լինում պայքարել` ապահովելու իրենց ընտանիքների հիմնական կարիքները՝ ինչպիսիք են սնունդն ու երեխաների կրթությունը։ «Նրանք նաեւ առերեսվում են իրավական եւ վարչական դժվարությունների, երբ հարցը վերաբերում է ամուսնու ունեցվածքի օրինավոր ժառանգ կամ հասարակության կողմից տրամադրվող օգնության շահառու ճանաչվելուն, ինչը կթեթեւացներ ընտանիքների տնտեսական հոգսը»,- նշել է Գարիդո Օտոյան եւ հավելել. «Բացի այդ, նրանք հաճախակի խարանված են հասարակության կողմից։ Օրինակ՝ չիմանալով, արդյոք իրենց ամուսինը ողջ է, թե` մահացած, շատերը համապատասխանաբար չեն հագնվում կամ դրսեւորում այրի կանանց պատշաճ վարք։ Նրանց համայնքները ունակ չեն համակերպվելու նման վարքի հետ՝ այդ կանանց թողնելով առանց որեւէ օժանդակության»։ 

Հայատանում, անհայտ կորածների մայրերի, քույրերի եւ դուստրերի առօրյա հոգսերին գումարվում է նաեւ իրենց հարազատի ուրույն տեղը հասարակության մեջ պահպանելու ձգտումը։ «Ընտանիքի անդամները հաճախ նախաձեռնում եւ կազմակերպում են միջոցառումներ իրենց սիրելիին նվիրված հիշարժան օրերի կապակցությամբ, նրանց անունով կոչում են դասասենյակներ այն դպրոցներում որտեղ մի ժամանակ սովորել են իրենց հարազատները, բացում են թանգարաններ եւ կանգնեցնում հուշակոթողներ իրենց համայքներում,»- ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության սոցիալ-հոգեբանական ծրագրի ղեկավար Ռուբինա Թահմազյանը։ ԿԽՄԿ-ն նաեւ աջակցում է Հայաստանի անհայտ կորածների ընտանիքներին համախմբվել՝ խրախուսելով նրանց գտնել իրենց սիրելիներին մեծարելու համար տարաբնույթ միջոցներ եւ սատարել միմյանց` իրենց ծանր դրությունը հաղթահարելու համար։

Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալու իր անհայտ կորած հարազատի ճակատագիրը։ Անհայտ կորածներին որոնելու եւ ընտանիքի անդամներին նրանց ճակատագրի մասին տեղեկություն տրամադրելու պատասխանատվությունը կրում են հակամարտության կողմերը, ինչը չի դադարում նաեւ զինված հակամարտության ավարտից հետո։ Իշխանությունները պետք է հետեւեն, որպեսզի անհայտ կորածների ընտանիքների կարիքները լինեն բավարարված։ Դա ապահովելու ամենաարդյունավետ եւ համապատասխան եղանակը ընտանիքը կերակրող կանաց միջոցներ տրամադրելն է, ինչի շնորհիվ նրանք ինքնուրույն՝ առանց արտաքին օգնության՝ կհոգան իրենց կարիքները։