Հայաստանում կանանց ներգրավածությունը ղեկավար մարմիններում աճում է, սակայն դա արագ տեմպերով չի կատարվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) նախագահ Լիլիթ Ասատրյանը` հավելելով, որ կանանց ներգրավածությունը քաղաքականության մեջ բավարար մակարդակի վրա չէ:
Հայաստանի Աժ-ում 131 պատգամավորներից 11-ը կանայք են, նախարարներից 2-ն են կին, 912 համայնքներում 23 կին ղեկավար կա, մարզպետ կանայք չկան, իսկ փոխնախարար եւ փոխմարզպետ կանայք եւս շատ չեն: Եթե պետական մարմիններում կանանց վիճակագրությունը հայտնի է, ապա Լիլիթ Ասատրյանի խոսքով, առանձին վիճակագրություն չկա, թե Հայաստանում քանի գործարար կին կա: Խնդիրն այն է, որ մի քանի խոշոր կին գործարարների հասարակությունը ճանաչում է, իսկ մանր եւ միջին բիզնեսով զբաղվող կանայք չեն ցանկանում շատ երեւալ, նախընտրում են ստվերում մնալ:
Հայաստանում կանայք շատ ուժեղ են, ուղղակի իրենք իրենց չեն գնահատում
Ավելի քան 10 տարի է, ինչ Շաքե Հավան-Կարապետյանը Երեւանում բացեց «Արտ Բրիջ» սրճարան-գրախանութը: Որպես կին ղեկավար` NEWS.am-ը փորձեց հենց նրանից ճշտել, թե ինչ դժվարություններ է ունեցել իր բիզնեսով զբաղվելիս, իբրեւ ղեկավար եւ այլն: Պարսկաստանում ծնված, իսկ այնուհետեւ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված գործարարը նշեց, որ թեեւ գրախանութ-սրճարան ֆորմատը շատ տարածված է, սակայն Հայաստանում «Արտ Բրիջն» առաջինն է, ինչը բացելու շարժառիթը գրքի նկատմամբ իր սերն է: Շաքե Հավան-Կարապետյանը նշեց, որ իր տղամարդ եւ կին աշխատակիցների միջեւ ոչ մի տարբերություն չի դնում, ոչ մեկին ավելի քաղցր աչքով չի նայում: Ընդհանրապես, նա չի ընդունում գենդերային տարանջատումը, որովհետեւ վստահ է, որ անհավասարությունը հենց այդտեղից է ծնվում: «Ես չեմ համարում, որ մենք բոլորս հավասար ենք, ես իմ կին լինելը շատ եմ սիրում, իմ տարբերությունը տղամարդուց եւ տղամարդու տարբերությունը ինձնից դա էլ եմ սիրում»,- ասաց Շաքե Հավան-Կարապետյանը:
Հայաստանում իր բիզնեսի կայացման հարցում նա որեւէ խոչընդոտի չի հանդիպել, որոնք պայմանավորված լինեին իր կին լինելով, եւ ինքն էլ նման բաների ուշադրություն չի դարձնում: Գործարարը երբեւէ հայ տղամարդկանց վատ հայացքը չի նկատել իր նկատմամբ` իբրեւ կին ղեկավար: «Հայաստանում կանայք շատ ուժեղ են, ուղղակի իրենք իրենց չեն գնահատում»,- նշեց կին-գործարարը:
Ի դեպ, Շաքե Հավան-Կարապետյանը չի սիրում, երբ իրեն ներկայացնում են որպես սփյուռքահայ, քանի որ կարծում է, որ այն անձինք, ովքեր ապրում են Հայաստանում, տարիներ շարունակ հարկ են վճարում, պատկանում են մեկ այլ խմբի, որը անուն չունի, եւ հետո` արդեն սփյուռքի հետ կապ էլ չունի:
Ինչպե՞ս են կին ղեկավարներին վերաբերում տղամարդիկ եւ կանայք
Այս պարագայում, հայտնի աֆորիզմի նման, կանայք եւ տղամարդիկ համակարծիք են մեկ հարցում` նրանց մեծ մասը չի ցանկանում կին ղեկավար ունենալ: 33-ամյա Արամի եւ 40-ամյա Աշոտի կարծիքով` կին ղեկավար ունենալու թերությունն այն է, որ նրանց հետ վիճելը դժվար է, հեշտ են համոզում, եւ հետո երբ գեղեցիկ աչքերով ինչ-որ բան են խնդրում, համարձակություն չես ունենում մերժելու:
«Հենց այդ պատճառով էլ ես ամեն օր ստիպված եմ իմ կին ղեկավարի համար խնձորներ գնել, իսկ եթե տղամարդ ղեկավարը ուղարկեր խնձորներ գնելու, չէի գնա, բայց այնպես է նայում ինձ, այնպես է խնդրում, որ մերժել չի լինում»,- ասաց Աշոտը: Հարցմանը մասնակցած Հայկը նշեց, որ բարդույթներից զերծ մարդու համար տարբերություն չկա` ղեկավարը կին է, թե` տղամարդ: «Ընդհանրապես կանանց հետ աշխատելը հաճելի է, եւ եթե ղեկավարդ կին է, ապա դու բախտավոր ես, եւս մեկ կին կավելանա քո կոլեկտիվում»,- նշեց նա: Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցած տղամարդկանց մեծ մասը չի սիրում, երբ իրենց ղեկավարում է կինը, ասում` ինչ անել եւ ինչպես: Նրանց համոզմամբ` շատ ղեկավար կանանց մոտ ժամանակի ընթացքում նոր հատկանիշներ են ի հայտ գալիս, նրանք դառնում են տղամարդ կին, կորցնում կանացիությունը:
Հարցմանը մասնակցած իգական սեռի ներկայացուցիչների համար կին ղեկավար ունենալն այլ թերություններ ունի: Նրանք անկեղծորեն խոստովանեցին, որ տղամարդ ղեկավարի հետ աշխատելն ավելի հեշտ է: Դրանից բացի` կանանց համար մի քիչ վիրավորական է երբ նույն սեռի ներկայացուցիչն անընդհատ ցույց է տալիս իր բարձր դիրքը, կարող է գոռալ իր «ցեղի» ներկայացուցիչների վրա` տղաների ներկայությամբ եւ այլն: Ինչ վերաբերում է առավելություններին, 28-ամյա Կարմենը նշեց, որ կանանց հետ աշխատելն ավելի գործնական է: Իսկ 22-ամյա Անիի կարծիքով` կանանց ղեկավարութամբ աշխատելով ավելի ազատ ես լինում:
Թերեւս մի բան հստակ է, եւ աշխարհում, եւ Հայաստանում մարդու պրոֆեսիոնալիզմը կախված չէ մարդու սեռից, թեեւ տղամարդ-ղեկավարներից նախընտրողների թիվն անհամեմատ մեծ է:




























