Հայաստանում  մարտի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են, կան նաեւ փակ ներհամայնքային ճանապարհներ:

Ինչպես NEWS.am –ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ  առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Սյունիքի մարզում` Քաջարան-Մեղրի, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Սեւևան-Լճաշեն, Արագածոտնի մարզում` Սադունց, Ավշեն, Սիփան, Վարդաբլուր, Բերքառատ, Գեղադիր, Ճահճակի, Ծիլքար, Մելիքգյուղ, Միլաք, Շենկան, Գեղարոտ, Լեռնապար, Ռյա Թազա գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ, Սյունիքի մարզի Կապան-Գորիս-Սիսիան ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ԱԻՆ-ից նաեւ տեղեկացնում են, որ մարտի 7-ի ժամը 23.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, եւ առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի(Պոստա)  եւ Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան  պատճառով  երթեւեկությունը արգելված է կցորդների,  կիսակցորդների  եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսների համար: