«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում մեծ թիվ են կազմելու կանայք: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը:
Նա շնորհավորեց բոլոր կանանց՝ մարտի 8-ի կապակցությամբ՝ ցանկանալով, որ սերը եւ երջանկությունը միշտ ուղեկցեն նրանց: Պատգամավորը հիշեց, որ մի անգամ մարտի 8-ի կապակցությամբ մայրիկին զորամասից ծաղիկներ է ուղարկել, զինծառայության ժամանակ ընկերներով լքել են զորամասը, ծաղիկներ հավաքել եւ ուղարկել Երեւան: Այսօր նա իր ընտանիքի կանանց համար պատրաստվում է ծաղիկներ գնել:
Անդրադառնալով կանանց միջազգային օրվան եւ առհասարակ կանանց դերին՝ ԲՀԿ-ականը նշեց, որ ընտանիքում ինքը հանգստանում է, ուրախանում զավականերով, առիթ եւ ցանկություն չի ունենում քննարկելու քաղաքական հարցերը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը, եւս շնորհավորեց կանանց՝ ցանկանալով նրանց միշտ տեսնել սիրված եւ երջանիկ: Ընտանիքի կանանց եւ աղջիկների համար առաջին նվերը Հովհաննես Սահակյանը տվել է դստերը՝ մանկական ծաղկեփնջի տեսքով, իսկ առհասարակ ամեն տարի տարբեր նվերներ է տալիս: Օրինակ, պատգամավորը պատմեց, որ մի անգամ կնոջ համար ձնծաղիկներ էր հավաքել, իսկ մանկության նվերը մայրիկին մանկապարտեզում պատրաստած ձեռագործ աշխատանքն էր:
Որպես ընտանիքի հայր եւ ընտանիքի զավակ՝ նա նշեց, որ օրը տոն դարձնելու համար նյութական նվերները պարտադիր չեն, կարող ես համեղ ուտեստ պատրաստել եւ նվերը լինի դրա տեսքով: Ինչ վերաբերում է հայ կնոջ կերպարին, պատգամավորի խոսքով, հայ կինը սիրված մայր է, խելացի կին, տղամարդու կողքը կանգնող կին: «Հայ կնոջ կերպարը մեզ համար չի ամփոփվում տանը նստած, ճաշ եփող, երեխա պահող կնոջ մեջ»,- ասաց նա՝ միաժամանակ շեշտելով, որ կնոջ դերակատարումը չպետք է լինի արհեստական, պետք է լինի ինքնաբուխ, ներքին ձայնի կանչով:
Նա նշեց, որ իր կինը քաղաքական խորհուրդներ չի տալիս, բայց ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչները սրտնեղում են, երբ ոչ այդքան հաճելի հրապարակումներ են հանդիպում իր մասին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























