Ազգային Ժողովի պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեռ պատգամավորության թեկնածու առաջադրվելու հստակ որոշում չի կայացրել, թեեւ կուսակցությունը որոշել է, որ նա պետք է առաջադրվի:
«Դեռ չեմ որոշել: Հենց հստակեցվի, խոստանում եմ մամուլի ասուլիս հրավիրել եւ տեղեկացնել: Կարող է դնեմ, կարող է չդնեմ: Դեռ հարց է: Համագումարից հետո պարզ կլինի»,- լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը: Հարցին, թե ինչի՞ց է կախված առաջադրվելու հավանականությունը, պատգամավորը պատասխանեց. «Իմ ծանրաբեռնվածությունից է կախված: Եթե կարողացա ֆուտբոլի ֆեդերացիայում այնպես դասավորել, որ կարողանամ պատգամավորական գործունեությամբ զբաղվել, ուրեմն կառաջադրվեմ: Երկու-երեք օրվա մեջ տեղյակ կպահեմ»,- նշեց Հայրապետյանը` միաժամանակ նշելով, որ կուսակցությունը որոշել է, որ ինքը պետք է առաջադրվի:
NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՖՖ նախագահը կարող է առաջադրվել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում, որտեղ մտադիր է առաջադրվել նաեւ Խաչատուր Սուքիասյանը, Ռուբեն Հայրապետյանը հավաստիացրեց, թե նման բան չկա. « Փողոցի բամբասանքներ են, մի հավատացեք»:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր հերթին հայտնեց, որ մամուլից է իմացել, թե լրագրող Գոհար Վեզիրյանը մտադիր է առաջադրվել իր ընտրատարածքում: «Թող գան առաջադրվեն, ես ոչ մեկից էլ չեմ վախենում»,- նշեց պատգամավորը: Նրան ուղեկցող, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը հայտնեց, որ ուրախ կլինեն, եթե շատ մարդ առաջադրվի: «Ուրախ ենք, որքան շատ մարդ դնի, այնքան լավ: Առողջ մրցակցություն կծավալվի»,- հայտնեց նա` նշելով, որ միգուցե ինքը լինի պատգամավորի շտաբի պետը:




























