Կիրակի՝ նոյեմբերի 29-ին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում Ուրուգվայում հաղթանակ է տոնել կառավարող ձախ «Լայն ճակատ- Առաջադիմական հանդիպում» կոալիցիայի թեկնածու Խոսե Մուխիկան:

74-ամյա Խոսե Մուխիկան, նախնական տվյալներով, հավաքել է ընտրողների ձայների 51,2 տոկոսը: Նրա մրցակիցը՝ 68-ամյա Լուիս Ալբերտո Լակալյեն՝ ընդդիմադիր «Ազգային կուսակցության» թեկնածուն, էքզիթ-փոլերի արդյունքով ստացել է ընտրողների ձայների 44,9 տոկոսը, հաղորդում է Reuters-ը:

Խոսե Մուխիկան, ազգային ազատագրական շարժման հիմնադիրներից է եւ ղեկավարել է «Տուպամարոս» պարտիզանական շարժումը, որը 60-70-ականներին կառավարության դեմ զինված պայքար էր մղում: Իր գործունեության համար Մուխիկան 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել: