Միայն վերջին 5 տարում Տավուշի մարզի Սեւքար գյուղից հեռացել է 30-35 ընտանիք: Այս մասին NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում նշեց Սեւքարի գյուղապետ Վլադիմիր Մարգարյանը:

«Գյուղում խնդիրները շատ են, արտագաղթն էլ գնալով ավելանում է: Տղամարդկանց մեծ մասն էլ մեկնում է Ռուսաստանի դաշնություն` արտագնա աշխատանքի: Որ խոպան չգնան, չեն կարա ապրեն»:

2350 բնակիչ ունեցող Սեւքար գյուղում հիմնական զբաղվածությունը հողագործությունն ու խոշոր եղջերավոր անասնապահությունն է, սակայն այստեղ էլ խնդիրներ կան: Հողերը չեն մշակվում, ոռոգման համակարգ չկա, գյուղտեխնիկա չունեն, եղածն էլ շատ թանկ է, գյուղացին հնարավորություն չունի ձեռք բերել:

«Հիմա կառավարությունն էժան գնով դիզվառելիք է տրամադրում, իսկ այ գյուղտեխնիկայի գներից բնակչությունը դժգոհ է»,-ասաց նա, հավելելով, որ բնակչության մոտ 95 տոկոսի տները գազաֆիկացված են, սակայն գազով բնակարանները ջեռուցում է մոտ 5 ընտանիք:

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները` հեղինակի