ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկը` «Պալաչ» մականունով Արթուր Հարությունյանը ներողություն է խնդրել ՀՀԿ-ից` կոալիցիոն գործընկերների հետ հարաբերություններում խնդիրներ ստեղծելու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հարությունյանն անդրադարձել է իր վերջին հարցազրույցին, որ ՀՀԿ-ի կողմից գնահատվել էր որպես կոալիցիոն գործընկերոջ` ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:
«Այդ ինչպե՞ս պիտի ես ՀՀԿ անունից խոսեի: Իհարկե ես ոչ իրավունք, ոչ էլ ցանկություն եմ ունեցել կուսակցության անունից խոսելու, առավել եւս ցանկություն չեմ ունեցել որեւէ մեկին վիրավորելու»,- նշել է Հարությունյանն ու հավելել. «Իսկ եթե ակամա խնդիր եմ ստեղծել իմ կուսակցության համար կոալիցիոն գորընկերների հետ հարաբերություններում, դրա համար արդեն ներողություն եմ խնդրում»:
Ինչպես արդեն նշել ենք, ՀՀԿ գործադիր մարմինը մարտի 8-ին նիստ է գումարել եւ քննարկել ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ Արթուր Գեղամի Հարությունյանի կուսակցական վարքագիծը: «Համարելով, որ միջանձնային հարաբերությունները երբեք չի կարելի տեղափոխել քաղաքական հարթություն, որ հատկապես անթույլատրելի են կոալիցիոն գործընկերների հանդեպ ոչ կոռեկտ արտահայտությունները, ՀՀԿ գործադիր մարմինը որոշել Արթուր Գեղամի Հարությունյանին ՀՀԿ անդամին ոչ վայել վարքագծի համար հայտարարել խիստ նկատողություն»,- ասված էր ՀՀԿ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:




























