Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթա խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը դարձյալ առաջնային կարեւորություն տվեց քաղաքի մաքրման աշխատանքներին: Նա նշեց , որ ձյան հալվելուց հետո փողոցներում  ու մայթերում աղաավազային մնացորդները պետք է մաքրվեն, եւ արդեն ժամանակն է ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն կենցաղային աղբահանության, այլեւ սանմաքրման աշխատանքների վրա, ինչպես նաեւ զբաղվել նաեւ պլաստիկ շշերի լեփ-լեցուն արկղերի դատարկմամբ:

Հանձնարարականների թվում են եղել նաեւ փողոցների գիշերային լուսավորության խնդիրների լուծման հարցը, ինչին ի պատասխան զեկուցվել է, որ անցյալ շաբաթ սպասարկման աշխատանքներ են տարվել քաղաքի 7 փողոցներում. նորերով փոխարինվել են 30 լամպեր, մոնտաժային աշխատանքներ են տարվել Նարեկացիի փողոցում, լուսացույցների սպասարկումը կատարվում է շաբաթը 3 անգամ:

Նախորդ շաբաթ Վանաձորում վնասազերծվել է 16 թափառող կենդանի:

Բյուջեն  տարեսկզբից հավաքագրվել է 83,1 տոկոսով,սեփական եկամուտների գծով՝ 64,8 տոկոսով: Ամսվա սկզբից բյուջե է  մուտք արվել 7 մլն դրամ: