«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան կուզեի ասել, որ մեզ վախեցնելն այնքան էլ հեշտ չէ։ Եթե պետք լինի, անտեսելով, որ 72 տարեկան եմ, բահը կփոխարինեմ ինքնաձիգով։ Այդ կերպ կվարվեն նաեւ իմ երեխաներն ու ամբողջ գյուղը։ Այստեղ մեր գերեզմաններն են, եւ մենք պատրաստ ենք պաշտպանել դրանք»։

Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Այգիկ գյուղի գյուղապետ Ֆահրադ Մելիքյանը։

«Իմ որդին ծառայել է ԼՂՀ զորամասերից մեկում, եւ երբ ես գնացի նրան տեսնելու, ինձ այդ հատվածը դուր եկավ եւ ես որոշեցի մշտական բնակություն հաստատել այստեղ։ Ընտանիքիս հետ տեղափոխվեցի Այգիկ, հիմնվեցի այստեղ, երկու աղջիկներս եւ մեծ տղաս ամուսնացան, իսկ այժմ 7 թոռ ունեմ։ Ամբողջ ընտանիքով աշխատում ենք, առաջ 4 ոչխար ունեինք, այժմ՝ 150-ը։ Ամեն տարի մոտ 300 գառ եմ վաճառում։ Բացի այդ, տարեկան 5-7 հա ցորեն եմ ցանում»։

Արդեն երկու տարի է, ինչ երկու հա այգի եմ մշակում։ Հաջորդ տարի առաջին բերքին եմ սպասում։ Հիմա երկու տրակտոր ունեմ, ապահովված ենք անհրաժեշտ տեխնիկայով։ Ընտանիքի կարիքների համար միկրոավտոբուս եմ գնել։ Մեկ-մեկ օգնում եմ համագյուղացիներին",-ասել է Ֆահրադ Մելիքյանը։