Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել ԼՂՀ Ազգային ժողովի՝ նոյեմբերի 25-ին ընդունած հայտարարության տեքստը՝ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 1-ից 2-ը Աթենքում նախատեսված նիստի մասնակիցների շրջանում տարածելու համար:

Համապատասխան նամակ է ուղարկվել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Ջորջ Պապանդրեուին, իսկ պատճենը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ-ն նամակում նախազգուշացրել էր Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վտանգավորության մասին, եւ նշել, թե «Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումները վկայում են Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման բացահայտ դրսեւորումների մասին: Քարոզչական տարբեր հնարքների կիրառմամբ Ադրբեջանի իշխանությունները պատրանք են ստեղծում միջազգային միջնորդությամբ շարունակվող քննարկումներից իրենց դժգոհության մասին, այնինչ, իրական քաղաքականության մեջ այդ երկիրը անթաքույց կերպով ժամանակ է ձգում` հետագայում Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը հօգուտ իրեն փոխելու նպատակով»: