Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 30-ին ժամանել է Աթենք՝ մասնակցելու ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին։
Հունաստանի մայրաքաղաքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը արդեն հանդիպել է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի Ռուսաստան, Բեռնար Ֆասիեի Ֆրանսիա, Ռոբերտ Բրադկեի ԱՄՆ եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։
Արդեն կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների աշխատանքային ճաշը։ Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ կողմերը քննարկել են ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ընդունման հնարավորությունը։
Նշենք, որ Հայաստանի ԱԳ նախարարը նաեւ հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարքերի հետ։ Կողերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները։
Այսօր Աթենքում իր աշխատանքն է սկսում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի երկօրյ նիստը։ Նիստի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն եվրատլանտյան տարածքում անվտանգության խնդիրները։ Նիստին ներկա կլինեն կազմակերպությն անդամ 56 երկրների ներկայացուցիչներ։




























