Այսօր Հունաստանի մայրաքաղաք Աթենքում` «Էլինիկոն» մարզահամալիրում մեկնարկում է ԵԱՀԿ ԱԳ Նախարարների խորհրդի նիստը, որն իր ուշադրությունը կկենտրոնացնի Եվրոպայի անվտանգության հարցերի քննարկումների վրա:

Նիստում կառույցի նախագահությունը կփոխանցվի Ղազախստանին, որը նախագահությունը կստանձնի 2010թ-ի հունվարի 1-ից: Բացման նիստին նախատեսվում են Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի, ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի վարչապետ, ԱԳ նախարար Յորղոս Պապանդրեուի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սուարեշի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոյի ելույթները: Դեկտեմբերի 2-ին նախարարների խորհրդի նիստում ելույթով հանդես կգա նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հնարավոր է ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարության ընդունում: Այսօր կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչներ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշների եւ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորող Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման ավարտին նրանք կպատասխանեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

ԵԱՀԿ դեկտեմբեր ամսվա ամփոփագրում Յ.Պապանդրեուն նշում է, որ կշարունակի անձնական աջակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատեւ խաղաղության հասնելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ԼՂ հակամարտության կողմերի ջանքերին: «Թույլ տվեք արժանին մատուցել Մինսկի խմբի երեք համանախագահներին եւ իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին՝ նրանց անխոնջ ջանքերի համար` ԼՂ հակամարտությանը փոխադարձ ընդունելի լուծում գտնելու գործում: Մենք քաջալերված ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին շրջանում հաճախակի հանդիպումների արդյունքում ձեւավորված դրական իմպուլսով», նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Իսկ հաջորդ տարի կառույցում նախագահող երկրի՝ Ղազախստանի ԱԳ նախարար Կ.Սաուդաբաեւը նշել է, որ գործնական հարթության վրա Ղազախստանը նպատակ ունի նշանակել ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ հակամարտությունների գծով: