Այսօր ժամը 13.30-ին Տու-154 վթարված օդանավի զոհված ուղևորների հարազատները հատուկ չվերթով կմեկնեն Թեհրան: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Caspian Airlines» ավիաընկերությունից, չվերթը նախատեսված է եղել ժամը 13-ին, սակայն այն հետաձգվել է կես ժամով: Այս պահի դրությամբ, գրանցված է 236 մարդ, գրանցումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Բոլոր ուղեւորները զոհվել են, այդ թվում չորս երեխա: Զոհվածների շարքում են Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ:
Եռօրյա սուգ է հայտարարվել նաեւ Իրանում:



















