«Սոչի-2014»-ի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն պաշտոնապես ներկայացրել է Ռուսաստանի պատմության մեջ առաջին ձմեռային Օլիմպիական խաղերի նոր խորհրդանիշը: Լոգոտիպը, որ ստեղծված է ռուսաստանյան դրոշի գույներով, ներկայացնում է Sochi.ru մակագրությունը, որում ձախ կողմում հայելային արտացոլված է 2014 թիվը, իսկ աջում տեղադրված են օլիպիական օղակները:

Ինչպես նշում է ՌԻԱ-Նովոստին, հայելայնությունը խորհրդանշում է Սոչիի երկակիությունը, որտեղ ծովափը հարեւանություն է անում բարձր ձյունապատ գագաթների հետ: Երկակիությունն արտացոլված է նաեւ լոգոտիպի հիմնական գույներում՝ ծովային կապույտում եւ ձյուանճերմակ սպիտակում:

Սոչիի խաղերի նշանաբառն է Gateway to the Future: Չերնիշենկոն նկատել է, թե խորհրդանիշը վերջնական ստեղծագործություն չէ, այն դեռ կարող է փոխվել եւ լրացվել:

Բրենդը նախագծվել է միջազգային Interbrand գործակալության եւ «Սոչի-2014» կազմկոմիտեի ստեղծած փորձագիտական խորհրդի կողմից: Չերնիշենկոյի խոսքով, լոգոտիպը միտված է երիտասարդությանը: Նախագծի արժեքը չի նշվում, բայց Չենիշենկոն հայտարարել է, թե բրենդն ավելի էժան է նստել, քան իրենց լոնդոնյան գործընկերների վրա", որոնք իրենց լոգոտիպի համար, որոշ տվյալներով, ծախսել են մոտ 400 հազար ֆունտ: