Նոյեմբերի 28-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպել են բնապահպանական հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց այցելություն Թեղուտ: Նրանք այցելել են այն վայրեր, որտեղ Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով ծառեր հատելու վնասը հատուցելու ծրագրով սահմանված կարգով անտառապատման աշխատանքներ են կատարվել:
Ըստ այդ ծրագրի, մրցույթով ընտրված կազմակերպությունները պետք է ըստ կոնկրետ փուլերի և աշխատանքային նախագծերի, անտառապատման աշխատանքներ իրականացնեն հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի կրկնակիին հավասար գումարային մակերեսով տարածքներում (714 հա): Ծրագրի առաջին փուլով նախատեսված է 135 հա գումարային մակերեսով տարածքներում անտառապատման աշխատանքներ իրականացնել:
Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների վարչական սահմաններում գտնվող շուրջ 67 հեկտար գումարային մակերեսով տարածքների անտառապատումը «Թեղուտ» ընկերության հետ կնքված համապատասխան պայմանագրով սահմանված կարգով իրականացնում է մրցույթի արդյունքների առաջին լոտով հաղթող ճանաչված «Տրի գրեն» ՍՊԸ-ն: Երկրորդ լոտով հաղթող ճանաչված «Աղավնատուր» ՍՊԸ-ն, Թեղուտ ՓԲ ընկերության հետ կնքված համապատասխան պայմանագրով՝ սահմանված կարգով իրականացնում է անտառապատման աշխատանքներ ՀՀ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղին հարակից 73 հա գումարային մակերեսով տարածքներում:
«Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից հասարակական կազմակերությունների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ իրականացվող նմանատիպ այցեր կկազմակերպվեն պարբերաբար: Հաջորդ այցելությունը նախատեսվում է 2010 թ. գարնանը, ասվում է հաղորդագրության մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի ծառայությունից:




























