Վրաստանի իշխանությունները արգելել են Վրաստան մտնել ռուսաստանցի մի խումբ փորձագետ-քաղաքագետների, որոնք պետք է մասնակցեին դեկտեմբերի 3-ին Թբիլիսիում կայանալիք գիտական համաժողովին՝ նվիրված ռուս-վրացական հարաբերություններին:

Ռուսաստանցի վեց փորձագետները, այդ թվում ՄԳԻՄՕ-ի կովկասյան հետազոտությունների կենտրոնի փորձագետ Նիկոլայ Սիլաեւը, ՌԴ պետական արխիվի տնօրեն Սերգեյ Միրոնենկոն, ՄԳԻՄՕ-ի ռեկտորի խորհրդական Արտյոմ Մալգինը ձերբակալվել են հենց օդանավակայանում եւ ետ են ուղարկվել: Ինչպես հայտնում է «Գրուզիա Օնլայնը», մասնագետների այցի դեմ նախօրեին արտահայտվել են ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Ընդդիմության ներկայացուցիչ, պատգամավոր Գիա Տորտլաձեն փորձագետների պատվիրակությանն անվանել է «ԱԴԾ-ի եւ Կրեմլի սատարման խումբ»:

Նրա խոսքով, այդ անձինք Ռուսաստանի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներ են, «Պուտինի եւ Մեդվեդեւի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ, անձինք, որոնք վերահսկում են Ռուսաստանում ահռելի ֆինանսական միջոցները»: