Ազգային Ժողովի պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը լինելու է կուսակցության համամասնական ընտրացուցակում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բոստանջյանը հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե խնդիրներ ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ կուսակցության հետ: «Դրանք հերյուրանքներ են, ես լինելու եմ ցուցակում»,- ասել է Բոստանջյանը:

Ի դեպ, լրագրողները Բոստանջյանին խնդրեցին մեկնաբանել կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը, որում վերջինս խստորեն քննադատում էր կառավարության տնտեսական քաղաքականությունը: «Գնացեք իրենց հարցրեք: Խնդրում եմ ինձ ազատ թողեք: Դուք լսեցիք, ինչ լսեցիք, գնացեք համեմատական անալիզ արեք, ես ոչ մի տեսակետ չեմ հայտնելու»,- նշեց ակնհայտորեն վատ տրամադրություն ունեցող Բոստանջյանը: 

Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Վարդան Բոստանջյանը խնդիրներ է ունեցել ԲՀԿ ղեկավարության հետ` կուսակցության ընդհանուր տեսակետից տարբերվող կարծիքներ հայտնելու համար: Ըստ լուրերի, նրան նույնիսկ մեղադրել էին ՀՀԿ-ի հետ գաղտնի պայմանավորվածությունների մեջ: