Նրանում, որ հայ-թուրքական մերձեցումն եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իրար հետ շաղկապված չեն, հավատում է միայն Հայաստանի իշխանական վերնախավը: Այդ մասին դեկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: Նա ընդգծել է, թե հայ-թուրքական արձանագրությունները թուրքական խորհրդարանում կվավերացվեն միայն այն դեպքում, եթե ստորագրվի Լեռնային Ղարաբաղի հարցի շրջանակային համաձայնագիր, կամ էլ կողմերը բանավոր կերպով հայտարարեն պայմանավորվածությունների հասնելու մասին: Արզումանյանը միամտություն է համարում այն պնդումը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի վերադարձնի ազատագրված տարածքները: Նա հստակեցրեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ընթանում է Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որի առաջին կետը հենց հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունն է: Հետեւաբար, ըստ Արզումանյանի, եթե բանակցություններն ընթանում են այդ փաստաթղթի հիման վրա, նշանակում է, որ տվյալ հարցում պայմանավորվածությունը ձեռք է բերվել: Միեւնույն ժամանակ ընդդիմադիր գործիչը շեշտեց, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա ընդունված ցանկացած համաձայնագիր հակասելու է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերին: Ալեքսանդր Արզումանյանը նաեւ անբավարար է գնահատում հակամարտության լուծման ուղղությամբ Հայաստանի եւ Ղարաբաղի համագործակցությունը: ՀԱԿ ներկայացուցիչը նկատեց, որ Հայաստանը որպես ԼՂՀ անունից հանդես եկող կողմ, պետք է մշտապես Ստեփանակերտին տեղեկացնի բանակցությունների ընթացքի մասին, իսկ ԼՂՀ-ն, պետք է իր հերթին տեղեկատվություն պահանջի, քանի որ Երեւանին լիազորել է հանդես գալ իր անունից:
Խոսելով Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ սպասվող հայտարարության մասին, Արզումանյանը նշեց, թե դա կլինի ոչ հստակ ձեւակերպումներ պարունակող փաստաթուղթ: Փաստաթուղթը լոկ կհաստատի Մադրիդյան սկզբունքներով հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությունը:




























