Որպես հակամարտության անմիջական կողմ եւ ադրբեջանական ագրեսիայի զոհ, Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղ գործընթացի լիիրավ մասնակիցը:

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Կեն Խաչիկյանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ իր հիասթափությունը հայտնելով, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող անհիմն ճնշման առնչությամբ:

ANCA-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ նամակում Կեն Խաչիկյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների կոշտ մոտեցումը, որի միջոցով միջնորդները Երեւանին հարկադրում են միակողմանի զիջումներ կատարել ղարաբաղյան հակամարտության հարցում, սպառնում է Հայաստանի եւ ԼՂՀ անվտանգությանը, մեծացնում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը եւ ձախողում է հակամարտության արդար եւ երկարատեւ լուծման ձեռքբերմանն ուղղորդված ջանքերը:

Խաչիկյանը հատուկ ընդգծել է կարգավորման գործընթացին ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտությունը. «Որպես այդ հակամարտության անմիջական կողմ եւ ադրբեջանական ագրեսիայի զոհ, Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղ գործընթացի լիիրավ մասնակիցը»: ANCA-ի նախագահը նամակ է հղել նաեւ ԱՄՆ-ում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպաններ Պիեր Վիմոնին եւ Սերգեյ Կիսլյակին: