«Մաշտոցի այգում հերթապահող խումբ ոստիկաններ» ստորագրությամբ հրապարակված բաց նամակի հետ ոստիկանությունը որեւէ առնչություն չունի:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նշենք, որ բան նամակում խոսք է գնում Մաշտոցի այգում բողոքի ակցիա իրականանցող ակտիվիստների կողմից ոստիկանների հանդեպ ծաղրական վերաբերմունքի մասին:

«Այդ բաց նամակը որեւէ առնչություն չունի ոստիկանության աշխատակիցների հետ: Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող հստակ գիտի իր գործառույթը եւ միաժամանակ գիտի նաեւ, թե ինչպես համարժեք արձագանքել սադրանքներին:

Ոստիկանության ծառայողը գիտի նաեւ վերադասին դիմելու կարգը, ինչը չի տեղավորվում նման անստորագիր բաց նամակի շրջանակներում, ուստի ակնհայտ է, որ նման նամակի հեղինակը ոստիկանության աշխատակից չի կարող լինել»,- ընդգծեց Ա. Ահարոնյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մաշտոցի այգում հերթապահող մի խումբ ոստիկաններ» ստորագրությամբ բաց նամակ է ստացել, ուղղված ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում էր. «Պարոն Գասպարյան, խնդրում ենք ուշադրություն դարձնել Մաշտոցի այգում, հասարակական միջոցառումների ժամանակ որոշ ակտիվիստների վերաբերմունքին ՀՀ ոստիկանների նկատմամբ: YouTube-ում հայտնված բազմաթիվ տեսահոլովակներ վկայում են, որ ՀՀ ոստիկանը ենթարկվում է վիրավորանքների, հեգնանքի՝ որոշ դեպքերում դառնում ծիծաղի առարկա»: