Պահպանողական կուսակցությունն այսօր` մարտի 18-ին արտահերթ համագումար է անցկացրել եւ որոշում կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին:
Պահպանողական կուսակցությունը նաեւ որոշում է կայացրել մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չառաջադրել:
Կուսակցության արտահերթ` 10-րդ համագումարի ընդունած բանաձեւում բանաձեւում ասվում է, որ Պահպանողական կուսակցությունը 2012թ. ՀՀ ԱԺ ընտրություններում կրկին պաշտպանում է ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ անկախ նրա հրապարակելիք նախընտրական ծրագրի բովանդակությունից ու նախընտրական ցուցակի կազմից:
«Պահպանողական կուսակցությունը վերահաստատում է իր համոզմունքը, որ Հայաստանի պետականության թիվ մեկ քաղաքական խնդիրն այսօր Սահմանադրական կարգի հաստատումն է, իսկ առաջիկայում` հօգուտ քաղաքակրթական Արեւմտյան համակարգի ընտրանք կատարելը:
Հայաստանում Սահմանադրական կարգի հաստատման եւ Հայաստանն Արեւմտյան քաղաքակրթական համակարգին հարազատորեն ինտեգրելու նպատակով Պահպանողական կուսակցությունը կնախապատրաստվի գալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալու համար: Պահպանողական կուսակցությունը պատրաստակամ է սույն Բանաձեւին հարիր մոտեցումներ ունեցող բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակության անդամների հետ լայն համագործակցության»,- ասված է բանաձեւում:




























