ԱՄՆ-ը մտադիր է գտնել ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը, ինչը տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն եւ տնտեսական աճ կապահովի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Աթենքում՝ ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգը:
«Մինսկի խմբի միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը նպաստում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում կայունության էական ամրապնդմանը»,- հայտարարել է Սթայնբերգը՝ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության հույս հայտնելով, առաջին հերթին հակամարտությունների կարգավորման գործում, որը «ԵԱՀԿ առանցքային թեման է»: Ըստ Սթայնբերգի, դրան էր ուղղված Կորֆուի ծրագիրը. «ԱՄՆ-ը առաջարկում է նոր մեխանիզմներ՝ վստահության ամրապնդման համար, որ կանխարգելի հակամարտությունները»:
ԱՄՆ փոխպետքարտուղարի խոսքով, էներգիայի տարատեսակ եւ հուսալի մատակարարումները չափազանց կարեւոր հարց են Եվրոպայի եւ ԵԱՀԿ-ի համար, որոնք կարող են զբաղվել էներգիայի եւ անվտանգության միջեւ կապի հարցերով: « Այստեղ մենք առաջարկում ենք նոր մեխանիզմներ մշակել, երբ մատակարարումների խաթարումը կարող է արդյունավետ լուծվել քաղաքական մակարդակում»,- հավելել է նա:




























