Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը դեկտեմբերի 1-ին մասնակցել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի համատեղ կազմակերպված «Լիսաբոնի պայմանագիր. Եվրոպան դեպի 21-րդ դար» խորագրով սեմինարին, որը նվիրված էր դեկտեմբերի 1-ին Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուն:

Հաաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեմինարին ներկա են եղել ֆրանսիական համալսարանի եւ այլ բուհերի մեծ թվով ուսանողներ: Ելույթներով հանդես են եկել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:

Փոխնախարար Ղազինյանն իր ելույթում հանգամանալից ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակն ու տարբեր ոլորտներում ծավալվող համագործակցությունը:

Անդրադառնալով Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուն՝ փոխնախարարը հույս է հայտնել, որ ԵՄ կառույցների գործունեության արդյունավետության բարձրացմամբ եւ նոր կառույցների ստեղծմամբ համաշխարհային ասպարեզում ավելի կուժեղանա ԵՄ դերն ու ազդեցությունը, ինչն իր հերթին դրական ներգործություն կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման վրա: Փոխնախարար Ղազինյանն անդրադարձել է նաեւ ԵՄ հետ ասոցացման պայմանագիր կնքելու, ազատ առեւտրի ռեժիմ սահմանելու եւ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու գործընթացը դյուրացնելու հեռանկարներին: