ՆԱՏՕ-ում գոյություն ունի հակառուսական խմբակցություն, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբեռնավորման դեմ: Այդ մասին «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը:

Նրա խոսքով, Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդում տարաձայնություններ են հայտնվել, որոնք հետեւանք են այն բանի, որ Ռուսաստանի գործընկերները համաձայն չեն Մոսկվայի՝ եվրոպական անվտանգության կատարելագործման դիրքորոշման հետ:

« ՆԱՏՕ-ի մի շարք պատվիրակությունների պատճառով փաստաթղթից դուրս է մնացել խորհրդի աշխատանքի իմաստը»,- հայտարարել է Ռոգոզինը՝ նկատելով, որ ռուսական կողմի բազմաթիվ փորձերը՝ պնդել, թե իրենց նպատակը եվրոպական անվտանգության կատարելագործումն է, հաջողության չեն հասել: Նա նկատել է, թե ռուսաստանյան նախաձեռնությունը «փորձում են փաթեթավորել ինչ-ինչ բանակցային ձեւաչափերում, խեղդել այն»:
Ինչպես նշել է Ռոգոզինը, կանադական պատվիրակությունն այսօր արգելափակել է բոլոր փաստաթղթերի ընդունումը: «Այդ ողջ էմոցիաների պայթյունը, սիրտը բռնելը, դեսպանական նիստերի ժամանակ սրահից դուրս փախչելը հարիր չեն մեր գործընկերներին: Ես առաջարկում եմ վերադառնալ բանակցային սեղան եւ զբաղվել գործով, այլ ոչ բյուրոկրատական ճոռոմաբանությամբ»,- նշել է ռուս պաշտոնյան:

Նշենք, որ դեկտեմբերի 4-ին Բրյուսելում կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը՝ արտգործնախարարների մակարդակով: