Աֆղանստանում թալիբների դիմադրությունը խեղդելու եւ լիազորություններն ամբողջությամբ երկրի իշխանություններին հանձնելու համար ԱՄՆ-ն այնտեղ է ուղարկելու եւս 30 հազար զինվորականների: Այդ մասին դետեմբերի 2-ին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Վեսթ-Փոյնթի ռազմական ակադեմիայում: Խոսելով առանցքային միջոցառումների մասին, որ Վաշինգտոնը մտադիր է ձեռնարկել 8-ամյա հակամարտությունը լուծելու համար, Օբաման ընդգծել է, թե Աֆղանստանում ռազմական ներկայության ավելացումը բխում է ԱՄՆ շահերից:
«Բայց արդեն 18 ամսից մեր անձնակազմը կսկսի վերադառնալ տուն: Լրացուցիչ ռեսուրսներն անհրաժեշտ են նրա համար, որ մեր ձեռքը վերցնենք նախաձեռնությունը, այժմ մենք հնարավորություններ ենք ստեղծում մեր զորքերն Աֆղանստանից զգուշորեն եւ պատասխանատվությամբ դուրս բերելու համար»,- նշել է Օբաման՝ ճշտելով, թե ամենայն հավանականությամբ, առաջին ստորաբաժանումները երկիրը կլքեն 2011թ.-ին:
Նրա խոսքով, նոր ռազմավարությունը, կոպիտ հաշվարկներով, միայն այս տարի Վաշինգտոնի վրա 30 մլրդ դոլար կնստի. «Ես սերտորեն աշխատելու եմ Կոնգրեսի հետ՝ այդ ֆինանսավորումը ստանալու համար, չնայած բյուջետային դեֆիցիտին», ասել է Օբաման:
Նա նաեւ հայտարարել է, թե վերջին մի քանի տարիներին ԱՄՆ-ը կորցրել է բավարար պաշտպանունակության եւ տնտեսության միջեւ հավասարակշռությունը: «Այժմ մենք չենք կարող մեզ թույլ տալ անտեսել մեր վարած ռազմական գործողությունների գինը»,- ասել է նախագահը:
Ի դեպ, ինչպես հաղորդում է BBC Russia-ն, Աֆղանստան զորք ուղարկելու խնդրանքով Օբաման դիմել է նաեւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, սակայն Ֆրանսիան հրաժարվել է, Գերմանիան որոշել է սպասել, իսկ Մեծ Բրիտանիան համաձայնել է ուղարկել միայն 500 զինծառայող:




























