Ինչպես հայտնել է « EL PAÍS» իսպանական թերթը, Իրանի ընդդիմության առաջնորդ Միր ՀուսեյնՄուսավին կոչ է հղել իր համակիրներին: Ըստ նրա, «ստի ու կեղծիքի դեմ ըմբոստանալը՝ ձեր իրավունքն է։ Հույս եմ հայտնում, որ ուժայինները կխուսափեն անկանխատեսելի բարդություններից», -ասել է Մուսավին։ Իբրև բողոքի նշան՝ Մուսավին կոչ է արել իր համակիրներին կրել սև հագուստ և կանաչ ժապավեններ:

Ընդդիմադիր աղբյուրների համաձայն, առճակատման զոհերի թիվը հասնում է 19-ի։ Պետական ռադիոն հայտնում է 457 ձերբակալվածների մասին։ Մուսավին պնդում է, որ զանգվածային ձերբակալությունները հասարակության ու ուժայինների միջև անդունդ է առաջացնում։ Անձնական կայքում ընդդիմության առաջնորդը նշում է, որ իր կռիվը ուղղված է ոչ թե իսլամական ավանդական հիմքերի դեմ, այլ կեղծիքի ու ստի դեմ։

Իսլամական հեղափոխության պահապանների խորհուրդը ընդունել է, որ հունիսի 12-ի ընտրություններին 50 քաղաքներում գրանցված ձայները գերազանցել են ձայնի իրավունք ունեցող բնակչության քանակը։