«Կազբեկ-Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի հնարավոր վերաբացումը բարենպաստ ներգործություն կունենա տարածաշրջանում տնտեսության հետագա զարգացման համար եւ կամրապնդի Վրաստանի` որպես տարանցիկ պետության, դերը: Այդ մասին դեկտեմբերի 2-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգորի Տաբատաձեի հետ հանդիպմանը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը կարեւորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը եւ ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ ապրանքաշրջանառության ծավալների ներկայիս մակարդակը կողմերին դեռեւս չի գոհացնում:
Անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցիների հետ կապված խնդիրներին` կառավարության ղեկավարն ընդգծել է Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման ուղղությամբ վրացական կառավարության կողմից համապատասխան միջոցների ձեռնարկման կարեւորությունը:
Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ընթացքը, որի ութերորդ նիստը նախատեսված է անցկացնել առաջիկա տարվա սկզբին, Երեւանում:




























