Դեկտեմբերի 8-ին ավարտվում է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ եզրակացություն տալու ժամկետը, իսկ դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է Վաշինգթոնում հանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այս առնչությամբ լրագրողները ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, միաժամանակ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանից հետաքրքրվեցին, թե իր կարծիքով ինչպիսի՞ն կլինի այդ եզրակացությունը: «Կդժվարանամ կանխատեսում անել, բայց ՍԾՏՀԿ-ի շրջանակներում հանդիպումների ժամանակ թուրք պատվիրակները նշում էին, որ Թուրքիայում իշխող կուսակցությունը մեծամասնություն ունի թե խորհրդարանում, թե տվյալ հանձնաժողովում եւ ակնկալվում է, որ դրական եզրակացություն կտան արձանագրություններին»,- ասաց նա:

Հարցին՝ եթե այդ եզրակացությունը բացասական լինի, հնարավո՞ր է, որ Էրդողանի ԱՄՆ այցելությունը չկայանա, պատգամավորը պատասխանեց, որ այդ հանդիպման համար ավելի վատ նախապայման չէր կարող լինել, քան հայ-թուրքական արձանագրություններին բացասական եզրակացություն տալը:

Դիտարկմանը, թե երեկ կրկին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ սահմանը կբացվի միայն ԼՂ հարցում առաջընթացի դեպքում, Գ. Մինասյանն ասաց, որ ԼՂ խնդիրը մոտ ապագայում դժվար թե լուծվի, քանի որ Ադրբեջանը դրան պատրաստ չէ։ Թուրքիան էլ լավ հասկանում է, որ քանի դեռ բոլոր հարցերը համաձայնեցված չեն, որեւէ քայլ չի արվելու, ուստի որքան ժամկետները մոտենան, Թուրքիան ավելի խելամիտ է դառնալու: Իսկ Դավութօղլուի հայտարարության մասով էլ նկատեց, որ դա ավելի շատ ուղղված է Արեւմտյան ճակատում հաջողություն արձանագրելուն, մասնավորապես՝ ԵՄ անդամակցության հարցում։