Այսօր՝ դեկտեմբերի 2-ին սկսվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ), Արմեն Աբրահամյանը (ԲՀԿ), Արա Նռանյանը (ՀՅԴ):
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեուլում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Կորեայի Հանրապետության վարչապետ Չունգ Ուն Չանի հետ, որի հետ զրույցում ԱԺ նախագահը կարծիք է հայտնել, թե երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած է փոխադարձ համակրանքը, որը պայմանավորված է նաեւ երկու ժողովուրդների անցած պատմական դժվար ուղու եւ ներկա մարտահրավերների նմանությամբ:
Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական բնագավառում վերջին տարիներին արձանագրվել է որոշակի առաջխաղացում, սակայն Հայաստանի եւ Կորեայի միջեւ ապրանքաշրջանառության գերակշռող մասը իրականացվում է երրորդ երկրների միջոցով: Այս համատեքստում նա կարեւոր է համարել երկու երկրների գործարարների անմիջական շփումները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցում եւ, հաշվի առնելով այս ոլորտում Կորեայի ձեռքբերումները, առաջարկել է համագործակցություն ծավալել այս ուղղությամբ եւս. մասնավորապես՝ մասնագետների վերապատրաստում, համատեղ ծրագրերի իրականացում: .
ԿՀ վարչապետն իր հերթին առաջնահերթ է համարել զարգացնել համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության ոլորտներում: «Եւ Հայաստանը եւ Կորեան, չունենալով հարուստ բնական պաշարներ, տնտեսության եւ այլ ոլորտներում ունեցել են ձեռքբերումներ՝ շնորհիվ մտավոր մեծ ներուժի»,- նշել է Չունգ Ուն Չանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ես:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է «Samsung Electronics» ընկերություն:




























