Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամանել է Հռոմ։ Դեկտեմբերի 3-ին նա կհանդիպի Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ։ Հանդիպման ընթացքում կստորագրվեն ավելի քան 10 համաձայնագրեր եւ առեւտրային պայմանագրեր, այդ թվում՝ «Հարավային հոսք» գազամուղի շինարարության վերաբերյալ։
Օրվա երկրորդ կեսին Մեդվեդեւը կայցելի Վատիկան, որտեղ առաջին անգամ կհանդիպի Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը «հնարավոր է, լայն համատեքստով, խոսեն Ռուսաստանի եւ Վատիկանի՝ միջազգային խնդիրների մասի ունեցած դիրքորոշումների մասին, կանգ կառնեն տարբեր մակույթների եւ կրոնների փոխըմբռնման, մարդասիրական ոլորտում համագործակցության հարցերի վրա», Ինտերֆաքսին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն։
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Հռոմի Պապին, ամեն ինչից դատելով, սակայն, նախագահը Ռուսաստան հրավիրել, կարծես, չի պատրաստվում։ Կրեմլից թերթին հայտնել են, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը այս այցի ընթացքում չի ուղեկցում նախագահին։




























