Թեհրան-Երեւան չվերթի աղետի կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր, տեղական ժամանակով ժամը 15.00-ի սահմաններում Թեհրանի թեմի առաջնորդի, իրանահայ համայնքի եւ Իրանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչների ուղեկցությամբ Ղազվին քաղաքի մերձակայքում գտնվող աղետի վայր կայցելեն Տու-154 ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հարազատները, ովքեր այսօր հատուկ չվերթով Երեւանից կմեկնեն Թեհրան:

Դեպքի վայրում նախատեսվում են զոհվածների հիշատակին նվիրված հոգեհանգստի եւ ծաղկեմատույցի արարողություններ:

Իսկ կիրակի օրը՝ հուլիսի 19-ին, առավոտյան ժամը 10.00-ին, Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ եւ տեղի կունենա հոգեհանգստյան հատուկ արարողություն՝ թաղման եկեղեցական կարգ, որը կկատարի ու կնախագահի Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը: Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ըստ իրանահայ աղբյուրների՝ ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները: