Թուրքական մամուլում շարունակվում են շրջանառվել դեկտեմբերի 7-ին կայանալիք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման օրակարգի վերաբերյալ քննարկումները։ Բացի հայկական, կիպրական եւ ԵՄ անդամակցության հետ կապված խնդիրների շարքին է դասվում նաեւ ԱՄՆ-ի կողմից թուրքական զորակազմը Աֆղանստանում ավելացնելու պահանջը։ Այս խնդրի հետ կապված հետաքրքրությունները մեծանում են թե՛ Թուրքիայում, թե՛ ԱՄՆ-ում։ Խնդիրն այն է, որ նախկինում Թուրքիան հասկացրել էր, որ չի ցանկանում Աֆղանստանում հակամարտության մեջ մտնել մահմեդականների հետ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Աֆղանստան 30 հազար զորք եւս կուղարկվի։ Թուրքական Sonhaber կայքէջի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին մի քանի օր առաջ Թուրքիայից պահանջել է կարճ ժամանակահատվածում ավելացնել զորակազմը Աֆղանստանում՝ պայքարելու Ալ Ղաիդայի եւ Թալիբանի դեմ։ Ջեֆրին հայտնել է, որ այս խնդիրը եւս լինելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողնի ԱՄՆ այցի օրակարգում։
Սակայն հայտնի է, որ Թուրքիան դեմ է Աֆղանստանում հարվածային ուժեր ուղարկելուն։ Թուրքական իշխանությունները մտածում են, որ թուրքական զինվորներին օգտագործելով մահմեդական տարրերի դեմ՝ դա ավելի շատ վնաս կբերի։
ԱՄՆ-ում կայանալիք Էրդողան-Օբամա հանդիպման ժամանակ Թուրքիայի դիրքորոշման փոփոխություն չի նախատեսվում, սակայն թուրքական իշխանությունների կողմից հայտարարած ժողովրդավարացման նախաձեռնությանը իր աջակցությունը հայտնած ԱՄՆ-ին հետաքրքրում է, թե ինչ դիրքորոշում կհայտնի Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի Եվրամիության անդամակցության գծով գլխավոր բանագնաց եւ պետնախարար Էգեմեն Բաղըշը Եվրամիության արտգործնախարարների խորհրդում արել է հետեւյալը. «Եթե ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները Աֆղանստան հավելյալ զորք են ուղարկում՝ ուրեմն Թուրքիան եւս անմասն չի մնա։ Աֆղանստանում զորքերի հրամանատարությունը անցել է Թուրքիային եւ դա իր հետ բերում է զորքերի թվաքանակի աճ»։
Թուրքիայի պաշտպանության նախարարը մի միջոցառման ժամանակ, պատասխանելով Անկարայում Ֆրանսիայի դեսպանի հարցերին՝ ասել է, որ Աֆղանստանում գտնվող 1750 հոգանոց զորակազմը չի մասնակցելու ընթացիկ ազատագրման գործողություններին (During Freedom Operation):




























