«ՀՀ կառավարության կողմից հաստատված ցուցակների համաձայն՝ մեր երկրի տարածքում շուրջ 24 հազար 250 միավոր պատմամշակութային հուշարձաններ կան, որոնք պահպանվում են ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ պետական հոգածության շրջանակներում»,- դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Սերժիկ Առաքելյանը։

Նշելով, որ դրանցից միայն 18 հազարն են պետական սեփականություն հանդիսանում, նա չհերքեց, որ այդ հուշարձաններից շատերն «այնքան էլ լավ վիճակում չեն գտնվում» եւ առանց բացառության, գրեթե բոլորն էլ վերականգնման կարիք ունեն։ «Մշակույթի նախարարությունն այս տարվա ընթացքում ՀՀ տարածքում գտնվող ավելի քան 37 պատմամշակութային հուշարձանների մոնիթորինգ է անցկացրել։ Այդ համալիրներում վերականգնողական աշխատանքեր իրականացնելու համար 210-220 մլն դրամ ստանալու խնդրանքով մենք արդեն իսկ դիմել ենք կառավարություն»,- տեղեկացրել է ոլորտի պատասխանատուն՝ նշելով, որ հաջորդ տարի նոր համալիրների վերականգնում իրենց գերատեսչությունը չի նախատեսում, այլ, բացառապես, շարունակելու է անավարտ մնացած աշխատանքները։

Անդադառնալով օրեր առաջ Թբիլիսիում փլուզված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու թեմային՝ Սերժիկ Առաքելյանն ընգծեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ եկեղեցու նախագծման եւ շինարարական աշխատանքներին կմասնակցի նաեւ հայկական կողմը, իսկ բուն վերականգնողական աշխատանքները կսկսվեն գարնանը։ Նրա համոզմամբ, «սա արդեն իսկ դրական միտում է, իսկ վրացական կողմի շահագրգռվածությունն այս գործում ակնհայտ է»:

Հնչած մտահոգությանը, թե վերականգնման դպրոցը Հայաստանում այդքան էլ զագացած չէ, ինչի հետեւանքով պատմամշակութային հուշարձանների վերականգնողական աշխատանքները հաճախ իրականացվում են ոչ պատշաճ մակարդակով, ոլորտի ներկայացուցիչը այդպես էլ հստակ պատասխան չտվեց։