«Московский комсомолец» (mk.ru) թերթի ինտերնետային կայքը ենթարկվել է հաքերների հարձակմանը, ինչի արդյունքում ոչնչացվել է կայքի ողջ բովանդակությունը, այդ թվում պարբերականի ողջ արխիվը։ Թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսեւի խոսքով, հարձակումը սկսվել է հինգշաբթի երեկոյան, եւ հաքերներին բավականացրել է 10 րոպեն, որպեսզի այն ամբողջությամբ ոչնչացնեն։
«Երբ մեր աշխատակիցները գլխի ընկան, թե ինչ է տեղի ունենում, նրանք անջատեցին ամբողջ համակարգը, սակայն արդեն ուշ էր։ Մենք անշուշտ ունենք անվտանգության համակարգեր, սակայն հաքերներին հաջողվել է ոչնչացնել դրանք»,- հավելեց գլխավոր խմբագիրը։
Գուսեւը չգիտի, թե ովքեր են կազմակերպել հարձակումը, միայն պարզվել է, որ դա կատարվել է Կորեայում գտնվող սերվերներից։
«Հաքերների ինչ-որ խումբ կամ նույնիսկ հատուկ ծառայություններն են կազմակերպել հարձակումը»,-կարծում է Գուսեւը։ Վնասի չափերը, որը հասցվել է պարբերականին, գլխավոր խմբագիրը չի նշում, միայն ասում է, որ «Московский комсомолец»-ը լուրջ վնասներ է կրել։ Ներկայումս մասնագետները վերականգնում են կայքի աշխատանքը, իսկ mk.ru հասցեով գործում է բլոգ՝ պարբերականի նոր համարի նյութերով։




























