Հայաստանի կառավարությունը 1մլրդ դրամ կհատկացնի` Երեւանի ՋԷԿ-ի հարակից տարածքում ջերմոցների կառուցման նպատակով: Հարցը ներառված է կառավարության ապրիլի 5-ի նիստի օրակարգում:
Այդ գումարը տրվելու է Երեւանի քաղաքապետարանին` ներդրումային ծրագրի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով:
Հատկանշական է, որ հարցը կառավարություն է ներկայացրել ոչ թե ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, այլ` ֆինանսների: Գումարն էլ քաղաքապետարանին փոխանցվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջոցով:
ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած տեղեկանքում նշվում է, որ Երեւան քաղաքում առկա ջերմատները հիմնականում կառուցվել են տասնամյակներ առաջ եւ իրենց տեխնոլոգիայով ու արդյունավետությամբ զիջում են ժամանակակից ջերմատներին: Այդ պայմաններում հայկական արտադրողները ի զորու չեն արտաքին խոշոր շուկաներում բավարար քանակությամբ եւ տեսականիով հանդես գալ։



























