Հայաստանի ոստիկանությունն իրավունք չունի հաշվառումից հանել 6 ամսից ավելի երկրից բացակայած քաղաքացիների անունները: Այս մասին նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ, որտեղ ներկայացվում է, թե ինչու ոստիկանությունը 6 ամսից ավելի Հայաստանից բացակայողներին հաշվառումից չի հանում:
«Բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի հանրապետությունից 6 ամսից ավելի բացակայելու հանգամանքը միայն՝ ռեգիստրից հանելու իրավական հիմք չի հանդիսանում...: «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում խոսվում է ոչ թե 6 ամսից ավելի ժամկետով Հայաստանի հանրապետությունից դուրս բնակվողների, այլ հիշյալ ժամկետում դրսում բնակվող եւ ՀՀ համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը դիմած ՀՀ քաղաքացիների մասին: «Հայաստանի հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել ՀՀ համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:» («Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս)»,-ասված է հաղորդագրության մեջ:
«ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, ՀՀ ԱԳՆ-ն բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում` ՀՀ համապատասխան հյուպատոսական հիմնարկին կամ դիվանագիտական ներկայացուցչությանը ՀՀ տարածքից դուրս 6 ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնելու կամ 6 ամսվանից ավելի ժամկետով բնակվելու մասին գրավոր տեղեկացրած ՀՀ քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթերի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը եւ տրամադրող մարմինը), դրանցում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի (կացարանի) հասցեն: Միայն այս դեպքում է, որ քաղաքացու տվյալները կարող են հանվել բնակչության պետական ռեգիստրից:
Յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունն է իր նոր բնակության վայրի մասին հայտնել հյուպատոսական ծառայությանը եւ հանվել բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից (ընտրողների ցուցակից), կամ իրավաբանորեն չփոխել գտնվելու վայրը, մնալ ընտրողների ցուցակում, ըստ այդմ` մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին:
Եթե հազարավոր քաղաքացիներ բնակչության պետական ռեգիստրի ցուցակից հանվեն, ապա հաշվառումից հանված ՀՀ բոլոր քաղաքացիները զրկված են լինելու մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու իրավունքից:
Այսպես` ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունները) քվեարկությանը մասնակցում են օրենսգրքով սահմանված կարգով ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու դեպքում»,- ասված է հաղորդագրության մեջ:




























