Հոկտեմբերի վերջին կիրակին նշվում է որպես Հայ ոսկերչի ազգային տոն:
Հոկտեմբերի 29-ին Երեւանում բացվել է Հայ ոսկերիչների ասոցիացիայի կողմից կազմակերպված Yerevan Show 2012 ոսկերչական ցուցահանդեսը, որին մասնակցում էին շուրջ 70 երկրների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:
Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Հայաստանի ոսկերչական արդյունաբերության զարգացման հեռանկարները» խորագրով կոնֆերանս, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, Հայ ոսկերիչների ասոցիացիայի հիմնադիրներն ու ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Հայաստանի ոսկերչության եւ ադամանդագործության զարգացման հեռանկարներին նվիրված կոնֆերանսով նշանավորվում էր նաեւ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ AJA-ի հիմնադրման 15-ամյակը:
Կոնֆերանսի բացման խոսքով հանդես է եկել Հայ ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գագիկ Գեւորգյանը՝ հակիրճ ներկայացնելով AJA-ի գործունեությունը. «Մեր կազմակերպության հիմնական առաքելություներն ու նպատակն են Հայաստանի շուրջ համախմբել աշխարհի հայ ոսկերիչներին, ադամանդագործներին ու ժամագործներին, ինչպես նաեւ՝ տարբեր երկրներում ապրող ոսկերիչներին ծանոթացնել միմյանց հետ: Մենք վստահ ենք, որ համագործակցելով ավելի մեծ հաջողությունների կարող ենք հասնել մեր բիզնեսներում: Համատեղելով մեր ներուժը, միավորելով մեր հավաքական փորձը՝ կարող ենք միասին նոր հեռանկարներ բացել մեր հայրենիքում եւ համայն հայկական սփյուռքում: Այս ամենի համար այսօր առավել քան երբեւէ, բարենպաստ պայմաններ ունենք, քանի որ ունենք Հայաստանի ղեկավարության աջակցությունը»:
Այնուհետեւ ելույթ է ունեցել Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նախարարը մասնավորապես նշել է. «Առանձնակի ջերմությամբ եմ ողջունում մայր հայրենիքում:Դուք ազգի ընտրյալներն եք, ունեք տաղանդ, խելք, համեստություն, իսկ ոսկին համեստություն է սիրում… Դուք եք, որ ձեր գործունեությամբ, արվեստով ու արհեստով ներկայացնում եք հային ու հայությունը ամբողջ աշխարհում: Դուք կարողանում եք զուգորդել հինն ու նորը, հայկականություն ու ազգային ոգի հաղորդել ձեր ստեղծածին: Ու ձեր շնորհիվ է, որ ոսկու ուժով հայկականություն եք թելադրում այն բոլոր մարդկանց, ովքեր անկախ ազգությունից կրում են ձեր ստեղծած նմուշները: Ուրախ եմ, որ կազմավորվում ու նաեւ վերականգնվում են տարբեր երկրներում ձեր միության գրասենյակները: ՀՀ սփյուռքի նախարարությունը պատրաստ է աջակցել ձեզ ցանկացած երկրում»: Նախարար Հակոբյանը հորդորել է աշխարհի արբեր երկրներից ժամանած ոսկերիչներին Հայաստանում հանդես գալ ներդրումներով, եւ զուտ բարեգործական ծրագրեր իրականացնելու փոխարեն խրախուսեց ներդրումային ու բիզնես ծրագրերի իրականացումը:
Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, նախարարության ներկայացուցիչը կոնֆերանսի մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է Ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորությունները, ստեղծման, շահագործման հնարավոր տարբերակները, շահավետությունը:
Կոնֆերանսին ելույթով հանդես է եկել Ոսկեգործության համաշխարհային կոնֆեդերացիայի նախագահ դոկտոր Գայետանո Կավալիերին, Վարդգես Քնաջյանը եւ Պիեր Աքքլյանը, ովքեր AJA-ի հիմնադիրներից են, Bill Boyajian and Associates, Inc. ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բիլ Բոյաջյանը:





























