Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Գուժ Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիմածնոտային ծառայության ղեկավար, գլխավոր դիմածտոնային վիրաբույժ Վարդան Հովակիմյանը:

Նա նշեց, որ Գուժ Մանուկյանի պարանոցի շրջանում առկա է կիստոզ գոյացություն, որը խանգարում է նրան ինչ-որ բան կուլ տալուց, ցավեր է առաջացնում: Այժմ հայտնի դերասանը դեղորայքային բուժում է ստանում, համակարգչային հետազոտություններ են կատարում, դեռ հայտնի չէ` նրան կվիրահատեն, թե ոչ: «Դեռեւս մտածում ենք կիստոզ գոյության մասին, որը կիստա է, եւ հեղուկ է կուտակված, բորբոքված վիճակ է, բորբոքումը պետք է անցկացնենք, հետագայում որոշենք, թե ինչ անենք: Այս պահին դեռեւս վիրահատության մասին խոսք չի գնում, դեղորայքային բուժում է ընթանում, որ այդ բորբոքումը անցնի»,- ասաց բժիշկը:

Վարդան Հովակիմյանն ասաց, որ, ըստ երեւույթին, այդ կիստան իր մոտ վաղուց է եղել, հնարավոր է նաեւ այն բնածին է:  Բժիշկը նշեց, որ դեռեւս մեկ շաբաթ Գուժ Մանուկյանը կմնա հիվանդանոցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Գուժ Մանուկյանը հուլիսի 16-ին տեղափոխվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: NEWS.am-ի աղբյուրները  հայտնել էին, որ նա հիվանդանոց է տեղափոխվել արյունահոսության ախտանշաններով, խնդիրներ կան կոկորդի հատվածում, հետազոտություններ է անցել:  Մեր տեղեկություններով`  Գուժ Մանուկյանին են այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: