News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Եթե Տիգրան Առաքելյանը միջնորդություն է ներկայացնում հարցաքննել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, միգուցե միջնորդի այլ գերատեսչությունների ղեկավարների եւս որպես վկա հարցաքննեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Տիգրան Առաքելյանի միջնորդությանը, որ Ալիկ Սարգսյանը եւս հարցաքննվի իր դեմ հարուցված գործի շրջանակներում:

«Ես Տիգրան Առաքելյանի գործի հետ ուղակի առնչություն չունեմ: Դա եղել է համապատասխան մարդկանց հետ, մարմինները զբաղվել են, քրեական գործ է հարուցվել: Ի՞նչ կապ ունի ոստիկանապետը: Այդ դեպքում միգուցե, այլ պաշտոնյաների էլ հրավիրեն որպես վկա, այլ նախարարությունների ղեկավարներին: Ցանկանում եմ ասել, թե ի՞նչ կապ ունեմ ես դրա հետ: Այս ամենը ինձ հետ կապ չունեցող ջուրծեծոցի է: Դա նույնն է ինչ հարցնեք, թե Իսպանիայում գնացքը շուռ եկավ ի՞նչ կարծիքի եք: Կարծիքի չեմ: Չեմ ցանկանում պատասխանել»,- ավելացրեց Ալիկ Սարգսյանը:

Նշենք, որ ՀԱԿ ակտիվիստը վերաքննիչ քրեական դատարանին միջնորդել էր որպես վկա դատակոչել նախկին ոստիկանապետին: Վերջինս մի շարք հակասական հայտարարություններ էր արել ակտիվիստների ձերբակալությունից հետո, նշել, թե անձամբ է հանդիպել գործով տուժող ճանաչված ոստիկաններին, մինչդեռ ոստիկանները դատարանում հերքել էին, որ հանդիպել են Ալիկ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը: Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում: 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Իսկ վերջին դատական նիստի ժամանակ Տիգրան Առաքելյանը միջնորդել էր, որ Ալիկ Սարգսյանին որպես վկա հարցաքննեն: Այսօր կայանալու է այդ գործով հերթական նիստը Վերաքննիչ դատարանում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ